Արեւմտյան Ամերիկայի ազգային երեք կուսակցությունների հայտարարությունը

Հունվարի 27-ին, ՌԱԿ-ի գրասենյակում, ՍԴՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՌԱԿ-ի Արեւմտյան Ամերիկայի ղեկավարության ներկայացուցիչների հանդիպման ընթացքում քննարկվել է արցախահայության օրըստօրե սրվող տագնապալի իրավիճակը եւ հայկական համայնքային ազգային կյանքի հուզող հարցերը։

ՍԴՀԿ-ից հանդիպմանը մասնակցում էր ատենապետ Վազգեն Խոտանյանն ու Միհրան Խաչատուրյանը, ՀՅԴ-ից՝ ատենապետ Տարոն Տեր-Խաչատուրյանը եւ Գարեգին Խանջյանը, ՌԱԿ-ից՝ ատենապետ, դոկտ․Րաֆֆի Պալյանը եւ Կարո Քյուփելյանը։

Շեշտադրվեց ազգային դատն առանց ընկրկումի հետապնդելու, ինչպես նաեւ հայոց պետականությունն ու անկախությունն առավելագույն ուժերի լարումով եւ նպատակասլաց աշխատանքով պահպանելը։ Ցեղասպան Թուրքիայի եւ նրա գործընկեր Ադրբեջանի հայաջինջ քաղաքականությունը առկա է նաեւ այսօ՛ր։ Պարտավոր ենք ի նպաստ արցախահայությանը մեր անմիջական զորակցությունը հայտնել՝ ճգնաժամը բարձրացնելով տեղական, նահանգային եւ դաշնակցային մակարդակների վրա, պահանջելով ԱՄՆ-ից շտապ միջամտություն ցուցաբերել Բերձորի միջանցքի վերաբացման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում որոշվեց նախորդ տարիներին հաստատված ավանդությամբ եւ միացյալ ճիգերով նոր թափ հաղորդել գաղութային կառույցներին (AGC, UACLA)՝ կազմակերպելու 2023 թվականի ապրիլյան ոգեկոչումները։Նախապատրաստվում է նաեւ երեք կուսակցությունների համատեղ ճիգերով ազգային այլ օրակարգեր առաջ տանել։

Հայ ազգն ու հայրենիքը գոյութենական պայքարի մեջ են։ Բոլորի՛ս ճիտին պարտքն է միասնական շարքերով ծառայել հայրենիքին ու հայության: Արդ, մեր կոչն է բոլորիդ համախմբվել մեր ազգային ու միութենական կառույցներուն շուրջ, զերծ մնալ հատվածական հաշիվներից, գերադասել ազգայինն ու մեր իրավունքները, եւ բերել ձեր մասնակցությունն ազգի անվտանգության եւ բարօրության օգտին:

ՍԴՀԿ Արեւմտյան Ամերիկայի Վարիչ Մարմին

ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտե

ՌԱԿ Արեւմտյան Ամերիկայի Շրջանային Վարչություն

 

Տեսանյութեր

Լրահոս