Հռոմի պապը կրկին իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման վերաբերյալ
Հռոմի քահանայապետ Ն․Ս․ Ֆրանցիսկոսը հունվարի 29-ին կրկին իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման վերաբերյալ:
«Վերահաստատում եմ իմ կոչը Հարավային Կովկասում Լաչինի միջանցքում տիրող մարդասիրական ծանր իրավիճակի առնչությամբ։ Իմ մտերմությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր ձմռան կեսին ստիպված են դիմակայել այս անմարդկային պայմաններին։ Անհրաժեշտ է միջազգային մակարդակով գործադրել բոլոր ջանքերը՝ մարդկանց բարօրության համար խաղաղ լուծումներ գտնելու նպատակով»,- ինչպես տեղեկանում ենք Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից՝ հայտարարել է Հռոմի պապը:
Որպես ավանդույթ՝ քահանայապետն Անջելուս Դոմինի կիրակնօրյա աղոթքից հետո հանդես է գալիս միջազգային մտահոգիչ հիմնախնդիրների առնչությամբ, ինչը հեռարձակվում է ռադիո և հեռուստատեսությամբ ու լայնորեն լուսաբանվում սոցիալական ցանցերի միջոցով։ Այս ուղերձը Հռոմի Պապը հնչեցրել է հունվարի 29-ի կեսօրին՝ Սուրբ Պետրոս հրապարակում հավաքված բազմահազար հավատացյալների առջև։
Լաչինի միջանցքի հումանիտար հետևանքներին Հռոմի Պապն անդրադարձել էր նաև անցյալ տարվա դեկտեմբերի 18-ին։