Պետք չէ հիասթափվել. սա մեր պետությունն է, սխալվելու իրավունք չունենք. ԵԿՄ ուղերձը
ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի ուղերձը Հայոց բանակի օրվա առթիվ:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Աշխարհասփյուռ հայ ժողովուրդ,
Պարոնայք սպաներ եւ գեներալներ,
Սիրելի՛ զինվորներ, երկրապահ կամավորականներ, ազատամարտիկներ,
Շնորհավորում եմ բոլորիս` Հայոց Ազգային Բանակի օրվա առթիվ:
Հայկական բանակը ծնվեց մեր պետության ստեղծմանը զուգահեռ:
Պատերազմական իրավիճակում՝ համայն հայության ապրելու եւ մեզ պարտադրված պատերազմում հաղթելու միասնական ու անկոտրում կամքի շնորհիվ Կամավորական ջոկատների հիքի վրա ծնվեց մեր Բանակը։
90-ականներին հայրենիքի պաշտպանության ելան բոլորը՝ կամավորականները, ազատամարտիկները, բանվորն ու շինարարը, մտավորականն ու հոգեւորականը, եւ մենք համախմբվեցինք ու կարողացանք Սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ ազատագրել Արցախ աշխարհը։ Արցախի ազգաբնակչության անվտանգությունն ապահովելու համար ազատագրեցինք եւ ընդլայնեցինք մեր երկրի սահմանները։
Սպարապետ Վազգեն Սարգսյանը համարում էր, որ բանակն է Հայաստանի Հանրապետության կայունության եւ պաշտպանության հիմքը,-ասում էր. «Ես համարում եմ, որ առանց բանակի չկա Հայաստանի Հանրապետություն, առանց բանակ չի կարող զարգանալ տնտեսությունը եւ հակառակը»:
Ինչպես Սպարապետը, այնպես էլ բոլորս այսօր առավել քան երբեւէ համոզված ենք, որ պետության զարգացման եւ անվտանգության ապահովման երաշխավորը առավել հզոր բանակ ունենալն է:
Իսկ ի՞նչ պետք է անենք մենք:
Պետք է համախմբված ու միասնական լինենք եւ դառնանք մեր բանակի զորավիգը:
Մենք սխալվելու, հապաղելու իրավունք չունենք, մենք միմյանց նեցուկ լինելով պետք է հայացքներս ուղղենք դեպի մեր բանակը. բոլորս պետք է երկրապահի ոգով տեր կանգնենք մեր հայրենիքին:
Երկրապահ կամավորականների միությունը 44-օրյա պատերազմից առ այսօր խրամատում է: 2020թ. դեկտեմբերից մինչ այս պահը 5000 եւ ավել երկրապահ կամավորական զինվորի հետ, զինվորի կողքին իրականացնում է մարտական հերթապահություն: ԵԿՄ գումարտակները մարտական հերթապահության ժամանակ իրականացնում են նաեւ ամրաշինական աշխատանքներ: Մենք սահմաններում ենք. մեր պարտքն է այսօր թեւ ու թիկունք լինել այն բանակին, որը մեզանից սերվեց:
Պետք չէ կորցնել հույսը, հավատը: Պետք չէ հիասթափվել: Սա մեր պետությունն է, մեր հայրենիքը, մեր հող ու ջուրը: Դարեր շարունակ մեր պապերը պայքարել են այս հողը մեզ ժառանգելու համար:
Մենք մեր հողին շատ կյանքեր ու արյուն ենք տվել, մեր հայրենիքը սրբավայր է:
Համոզված եմ, որ քնելիս, արթնանալիս բոլորս առաջին հերթին աղոթում ենք հայ զինվորի համար: Եվ մեր զինվորը պետք է ամեն օր զգա, որ թիկունքն ապահով է, որ իր թիկունքին կանգնած է համախմբված ու հզոր ազգ, որը ամեն վայրկյան պատրաստ է ձեռք մեկնելու:
Ես խոնարհվում եմ հերոսածին մայրերի առջեւ,
Փա՛ռք նահատակված քաջերին,
Փա՛ռք մեր բանակին, զինվորներին, Երկրապահին, կամավորականներին, ազատամարտիկներին, զենքը ձեռքը վերցրած հայ կնոջ,
Փա՛ռք ու շնորհակալություն նրանց ովքեր այսօր էլ ամուր կանգնած են սահմանին,
Փա՛ռք ու պատիվ Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությանը:
Ուժ ու կորով արցախահայությանը։
Խաղաղություն մեր երկրին,
Աստված պահապան մեր հայրենիքին»,-ասված է ուղերձում: