Բաժիններ՝

Շրջիկ երաժիշտների, նկարողների, երգող-պարողների համար կսահմանվեն կանոններ և կնախատեսվեն տույժեր

Փողոցներում ստեղծագործական ելույթների կանոնակարգման լիազորությունները կվերապահվեն համայնքի ավագանուն, որը կսահմանի բացօթյա վայրերում մշակութային գործունեության իրականացման կարգը: Խոսքը վերաբերում է շրջիկ երաժիշտներին, նկարողներին, երգող-պարողներին և նմանատիպ գործունեություն իրականացնողներին:

Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով համապատասխան նախագիծը։

Վաչե Տերտերյանը նշել է, որ հատկապես քաղաքի որոշակի հատվածներում այդպիսի գործունեության արդյունքում մթնոլորտ ու ճաշակ է ձեւավորվում: Ուստի առաջարկվում է, որ Երեւանում եւ համայնքներում այսուհետեւ այդպիսի գործունեության իրականացման պայմաններն ու պահանջները սահմանեն համայնքների ավագանիները: Այսինքն՝ կախված համայնքի կամ բնակավայրի առանձնահատկություններից՝ սահմանվեն կանոններ եւ վարչական իրավախախտումների համար նախատեսված տույժեր: Առաջարկվում է սահմանել տույժ՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի, իսկ կրկնվելու դեպքում՝ 200-ապատիկի չափով:

Նախատեսվում է նաեւ անձնական սեփականության գործիքների բռնագանձում: Ըստ փոխնախարարի՝ այս խնդիրը միշտ եղել է, սակայն վերջերս, կապված տուրիստական ակտիվ հոսքի հետ, գործունեություն են ծավալում մարդիկ, որոնց աշխատանքը չի կանոնակարգվում: Այդպիսի վայրերից են Հյուսիսային պողոտան, Հանրապետության հրապարակը, Գառնու տաճարի հարակից հատվածը, Գեղարդի տաճարի մուտքը, Գյումրիի հրապարակի հարակից տարածքները եւ այլն:

Փոխնախարարի խոսքով նախաձեռնության նպատակը բացօթյա վայրերում ստեղծագործական գործունեություն ծավալողների սահմանափակումները չեն, այլ՝ խնդրի կանոնակարգումը: Այդ նպատակով ուսումնասիրվել է նաեւ միջազգային փորձը:

Նախաձեռնությունը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նիստը կայացել է հունվարի 27-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս