Չափազանց թանկ գին ենք վճարել մեր ազատության և անկախության համար, մեր պատմությունն անարժան կերպով փակելու բարոյական իրավունք չունենք. Արցախի ԱԺ նախագահ
Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մարտունու շրջանի Ճարտար և Խնուշինակ համայնքներ՝ բնակիչներին ստեղծված իրավիճակի և այն հաղթահարելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին տեղեկություններ հայտնելու նպատակով:
Ինչպես տեղեկանում ենք Արցախի ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Արթուր Թովմասյանը Արցախի խորհրդարանի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի, պատգամավոր Արեգ Ավագյանի և օպերատիվ շտաբի անդամ, Արցախի նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանի ուղեկցությամբ հանդիպումներ է ունեցել Մարտունու շրջանի Ճարտար և Խնուշինակ համայնքների բնակիչների հետ:
Հանդիպմանը ԱԺ նախագահը նշել է, որ Արցախի բռնակցումը Ադրբեջանին կբերի Արցախի ոչնչացմանը և կհանդիսանա պատմական, իրավական, աշխարհաքաղաքական և բարոյական ողբերգություն հայոց պետականության և հայ ժողովրդի համար:
«Մենք չափազանց թանկ գին ենք վճարել մեր ազատության և անկախության համար և մեր պատմությունն անարժան կերպով փակելու բարոյական իրավունք չունենք: Շրջափակումը արցախահայությանը կանգնեցրել է աննախադեպ աղետի առջև: Վտանգված է Արցախի ժողովրդի լիարժեք կյանքի և ապրելու իրավունքը: Այս դժվարին օրերին առավել կարևոր են համերաշխությունն ու հանդուրժողականությունը միմյանց հանդեպ»,- հանդիպման ընթացքում ընդգծել է ԱԺ նախագահը:
Այնուհետև նա առանձնացրել է շրջափակման ազդեցությունը մեղմելու առաջնահերթությունները.
«Որպես օրենսդիր մարմնի ղեկավար, ինձ համար առաջնային են.
1. Քաղաքացուն տեր կանգնելու պետության պարտավորությունները:
2. Սոցիալական նոր ծրագրերի անհապաղ ձեռնարկումը, հատկապես խոցելի խավերի, այդ թվում շրջափակման հետևանքով գործազուրկի կարգավիճակում հայտնված մեր քաղաքացիների հանդեպ:
3. Տեսակետը, թե սոցիալական ծրագրերը ծուլության կամ անգործության են տանում մարդկանց, անընդունելի է այս իրավիճակում, քանի որ Արցախում ապրող ամեն մի հայ իրականացնում է սուրբ առաքելություն՝ ազգային արժանապատվության պահպանում»:
Նշվում է, որ հանդիպումն ընթացել է փոխըմբռնման մթնոլորտում: Բնակիչների բարձրացրած հարցերը քաղաքական, գյուղատնտեսության , սոցապահովության, անվտանգության ոլորտներին էին առնչվում: Հարցերի մի մասին տրվել են սպառիչ պատասխաններ, մյուսները կփոխանցվեն օպերատիվ շտաբ:
ԱԺ նախագահը և նրա գլխավորած պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել համայնքների բնակիչներին ճգնաժամային իրավիճակին պատշաճ կերպով դիմակայելու համար: