Լրագրողների նկատմամբ բռնությունների ու ճնշումների դեպքերի նվազում է նկատվում. ԽԱՊԿ զեկույց
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2022 թվականի տարեկան զեկույցը՝ կապված Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների հետ։ Ըստ զեկույցի՝ լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների, ինչպես նաև ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների դեպքերի նկատելի նվազում է գրանցվել: Մասնավորապես, լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների 18 դեպք գրանցվել է 2021 թվականին, 2022-ին՝ 14: ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների դեպքեր 2021 թվականին եղել են 108-ը, 2022 թվականին՝ 55:
«2022 թվականը մի քիչ ավելի հանգիստ տարի էր, քան 2021-ը: Լարվածությունները, բախումները, թեպետ, երկրորդ եռամսյակում կտրուկ աճեցին, սակայն մնացած եռամսյակներն ավելի հանգիստ են եղել: Եվ դրանով է պայմանավորված բռնությունների ու ճնշումների նվազումը: Թեպետ, այստեղ կցանկանայի նշել, որ սա ամենևին չի նշանակում, որ իրավիճակի սրացման պարագայում նորից այդ ալիքը չի բարձրանա: Ինստիտուցիոնալ առումով, որ դիտարկում ենք, ապա տեսնում ենք, որ մեծ հաշվով ոստիկանության մոտեցումները չեն փոխվել»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Աշոտ Մելիքյանը:
Ի տարբերություն վերը նշված դրական միտումերի՝ բացասական միտում է նկատվում տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի պահպանման հետ կապված: Մասնավորապես, կոմիտեն 2022 թվականին գրանցել է այդ իրավունքի խախտման 115 դեպք, որը 16-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Կոմիտեն ընդգծում է, որ պետական մարմինների կողմից ԶԼՄ-ների հարցումների անհարկի մերժումը, ինֆորմացիայի տրամադրման անհիմն ձգձգումը, պատասխանների ամբողջական չլինելը կամ հարցերի էությանը չհամապատասխանելը սովորաբար պատճառաբանվում են պետական կամ ծառայողական գաղտնիքի առկայությամբ, ինչը ոչ միշտ է հիմնավոր լինում։ Աշոտ Մելիքյանը նշեց, որ տեղեկությունների պակասը, որպես կանոն, ավելացնում է ապատեղեկատվության տարածման հնարավորությունն ու հավանականությունը։
Կոմիտեն մտահոգիչ է համարում լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ արհամարհական և վիրավորական պահվածքի դեպքերը որոշ պաշտոնյաների ու իրավապահ մարմինների ծառայողների կողմից։