Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ամփոփեց 2022 թվականը. 130 ծրագրային ստուգումներից տեսչականը իրականցրել է 122-ը

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ամփոփեց 2022 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները, ըստ որի տարվա ընթացքում նախատեսված 130 ծրագրային ստուգումներից տեսչական մարմինը իրականացրել է 122-ը:

Այս մասին ասաց ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը՝ նշելով, որ մնացած 8 ստուգումները տեղափոխվել են 2023 թվական, քանի որ դեռևս ընթացքի մեջ են:

«ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ամբողջ տարին աշխատել է բավականին ծանրաբեռնված, բայց պետք է նշեմ, որ մեծ հաշվով այն խնդիրները, որ մենք մեր առջև դրել էինք, լուծել ենք: Իսկ աշխատանքների ծանրաբեռնվածությունը պայմանավորված է եղել հիմնականում թափուր հաստիքների առկայությամբ, քանի որ ամբողջ տարվա ընթացքում մենք մոտ 30 տոկոսի չափով թափուր հաստիքներ ենք ունեցել»,- ասաց Մարտիրոսյանը:

Անդրադառնալով ադրբեջանական ագրեսիայի հասցրած վնասներին՝ Հովհաննես Մարտիրոսյան ասաց, որ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը և տեղական ինքնակառավարման մարմինները Ջերմուկում ֆիքսել էին անտառային հրդեհների դեպքեր և տեսչական մարմինը իր նախաձեռնությամբ վարույթ է հարուցել:

«Մենք մեր աշխատակիցների հետ մեկնել ենք նշված վայր և Ջերմուկի անտառտնտեսության անտառաբաժիններում հայտնաբերել ենք հրետակոծության հետևանքով վնասված ծառերը, հաշվարկել ենք դրանց քանակը, տեսակը և ամբողջ նյութերը ապացուցողական բազայով ներկայացրել ենք քննչական կոմիտեին»,- ասաց նա:

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2022 թվականին արձանագրել է իրավախախտման 2393 դեպք, որը 2021 թվականի համեմատ 14,8 տոկոսով ավելի է: 2023 թվականին Շրջակա միջավայրին հասցված վնասը կազմել է 2 միլիարդ 229 միլիոն 199 հազար 273 ՀՀ դրամ: Վերահսկողության արդյունքում ՀՀ պետական բյուջեի մուտքը կազմել է 314 միլիոն 561 հազար 597 ՀՀ դրամ:

Մարտիրոսյանը նշեց նաև, որ արդեն երկրորդ տարին է, ինչ տեսչական մարմինը իրականացնում է մրցանակաբաշխություն: Տեսչության մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են շնորհակալագրերով, իսկ լավագույնները՝ հատուկ հուշանվերներով:

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդգծեց, որ տեսչական մարմնի աշխատանքը շարունակվող գործընթաց է, և մեկ տարվա ամփոփումը դեռևս մեծ գնահատականների հնարավորություն չի տալիս, բայց ներկայացված թվային պատկերով տեսչական մարմնի աշխատանքը շարունակաբար ավելի արդյունավետ է դառնում, և դրա արդյունքները իրական հողի վրա արդեն տեսանելի են:

«Նշեմ, որ Շրջակա միջավայրի նախարարությունը այս տարի բավականին լայն փոփոխություններ կիրականացնի և նաև օրենսդրական դաշտը ավելի հստակ և թիրախային կդարձնի,ինչն անպայման կազդի տեսչական մարմնի վերահսկողական աշխատանքների արդյունավետության վրա: Իմ գործունեության շուրջ մեկ տարվա ընթացքում տեսչական մարմնի հետ գործընկերային աշխատանքի մեջ ենք եղել: Հանրության շրջանում ինչքան դեպքերի մասին լուրեր են շրջանառվել այս կամ այն բնապահպանական խախտումների վերաբերյալ, արձագանքը շատ օպերատիվ է եղել: Հաշվետվության թվերը բարձր են, աշխատանքը երևում է, բայց դա պետք է շարունակական լինի»,- ասաց Սիմիդյանը:

Նախարարը ընդգծեց՝ խախտումների արձանագրությունն ունի նաև լուրջ կանխարգելիչ ազդեցություն:

Տեսանյութեր

Լրահոս