Ջորջիայում անկարգությունների պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել
Ջորջիայի նահանգապետ Բրայան Քեմփը նահանգում 15-օրյա արտակարգ դրություն է հայտարարել անկարգությունների պատճառով, որոնք Ատլանտայում սկսվել են ոստիկանության ուսումնական կենտրոնի կառուցման դեմ ցույցերի մասնակիցներից մեկի մահվան պատճառով: Այս մասին տեղեկանում ենք նահանգապետի կայքում հրապարակված կարգադրությունից:
«Ջորջիայի նահանգում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել ապօրինի հավաքների, բռնության, բռնության բացահայտ սպառնալիքների, նահանգի անդորրն ու հանգիստը խախտելու և մարդկանց ու սեփականությանն սպառնացող վտանգի պատճառով», – ասված է կարգադրության մեջ:
Համաձայն Քեմփի որոշման՝ արտակարգ դրության ռեժիմը կտևի մինչև փետրվարի 9-ի ժամը 23:59-ը (Երևանի ժամանակով փետրվարի 10-ի 08:59-ը): Ազգային գվարդիայի մինչև հազար ծառայողներ «կմասնակցեն արտակարգ ռեժիմի իրականացմանը»:
Մասնավորապես, ազգային գվարդիականները կկարողանան ձերբակալել կարգը խախտողներին։ CBS News-ի փոխանցմամբ՝ անցած շաբաթ Ատլանտայում տեղի են ունեցել զանգվածային ցույցեր՝ իրավապահների նոր ուսումնական կենտրոնի կառուցման դեմ:
Հունվարի 18-ին Ատլանտայի ոստիկանությունն իրականացրել Է ցուցարարներին ցրելու գործողություն։ Ցուցարարներից մեկը կրակ է բացել ոստիկանների վրա։ Պատասխան կրակոցից նա մահացու վիրավորվել է: Սպանված Մանուել Էստեբան Պաեզ Տերանը 26 տարեկան էր։ Տերանի կողմից վիրավորված ոստիկանը հոսպիտալացվել է:
Հունվարի 21-ի երեկոյան Ատլանտայում անկարգություններ են սկսվել։ Ոստիկանության տվյալներով՝ որոշ ցուցարարներ սկսել են «անօրինական գործողություններ», այդ թվում՝ ջարդել են ցուցափեղկերը ,հարձակվել իրավապահների վրա և ոստիկանական մեքենա այրել։
Ոստիկանությունը ձերբակալել է 6 մարդու։ Ատլանտան ԱՄՆ-ի հարավի ամենամեծ քաղաքներից մեկն է։ Ավելի վաղ նահանգի իշխանությունները հայտարարել Էին քաղաքում ոստիկանության համար 90 միլիոն դոլար արժողությամբ ուսումնական կենտրոնի կառուցման մասին: