
Թեհրանի ոստիկանապետը նոր մանրամասներ է հայտնել Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումից

Իրանի ոստիկանությունը ձերբակալել է առավոտյան Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում իրականացնող անձին: Այս մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Թեհրանի ոստիկանապետ, գեներալ Հոսեին Ռահիմիին:
Ռահիմին նշել է, որ հարձակվողն այսօր առավոտյան մտել է դեսպանության շենք և հրազենից կրակ է բացել: Միջադեպի հետևանքով 1 մարդ սպանվել է, ևս 2-ը՝ վիրավորվել:
Թեհրանի ոստիկանապետը նշել է, որ հարձակվողը շենք է մտել իր երկու երեխաների հետ: Նախաքննության ժամանակ որպես հրաձգության շարժառիթ հարձակվողը նշել է «անձնական և ընտանեկան խնդիրներ»:
Daily Sabah լրատվամիջոցն իր հերթին հաղորդում է, որ ըստ Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության՝ հարձակվողը զինված է եղել Կալաշնիկովի ավտոմատով: Երկու վիրավորների վիճակը բավարար է: