Նրանց համար արվում է ամենը, ինչ հնարավոր է. Սյունիքի մարզպետը՝ Գորիսում մնացած արցախցիների մասին

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով շատ արցախցիներ չեն կարողանում վերադառնալ իրենց տներ, հարյուրավորները մնացել են Գորիսում, մարզպետարանը հոգացել է նրանց կեցության, սննդի և այլ հարցերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախ վերադառնալ չկարողացող արցախցիների մասին մանրամասներ է ներկայացրել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:

Մարզպետը վստահեցրեց, որ Լաչինի միջանցքի փակման առաջին իսկ օրվանից Սյունիքի մարզպետարանը կազմակերպել է համապատասխան աշխատանքները:

«Արցախցիները տեղակայված են հիմնականում Գորիս քաղաքի շուրջ 16 հյուրանոցներում: Արցախցիները, որոնք գտնվում են Սյունիքում, ապահովված են հյուրանոցային պայմաններով, սննդով, ինչպես նաև Գորիսի բժշկական կենտրոնը հոգ է տանում նրանց առողջության մասին: Նաև երեխաների դպրոցի հետ կապված հարցերն են լուծված»,-ասաց Ղուկասյանը:

Մարզպետի խոսքով՝ նաև տարբեր մշակութային և այլ միջոցառումներ են կազմակերպվում երեխաների համար: Նա վստահեցրեց ՝ այն ամենը, ինչ հնարավոր է այս պահին նրանց համար անել, արվում է, կառավարությունն էլ համապատասխան միջոցները հատկացնում է:

Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։

Տեսանյութեր

Լրահոս