ԵԽԽՎ-ն քննարկելու է Լաչինի միջանցքի արգելափակման թեմայով զեկույց պատրաստելու հնարավորությունը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կա հստակ ըմբռնում, որ Լաչինի միջանցքն արգելափակված է Ադրբեջանի կողմից և պետք է անհապաղ բացվի։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«Քննարկման արդյունքում ԵԽԽՎ բյուրոն քննարկելու է թեմայով զեկույց պատրաստելու հնարավորությունը։ Մեր գործընկերների հետ միասին շարունակելու ենք առաջ մղել Լաչինի միջանցք փաստահավաք խումբ ուղարկելու գաղափարը»,- գրել է Ռուբինյանը։
Ռուբինյանը նաև ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում Լաչինի միջանցքի արգելափակման թեմայով քննարկման ժամանակ:
Նա նշել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահը ստորագրել է թղթի տակ, որտեղ ասվում է, որ Լաչինի միջանցքը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ, իսկ Ադրբեջանը երաշխավորում է բեռնափոխադրումների, մարդկանց և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով: «Հիմա մենք չունենք այս իրավիճակը: Այս ճանապարհն արգելափակված է արդեն 46 օր: Բացի այդ, չկա գազ և էլեկտրականություն, որովհետև Ադրբեջանը դրանց մատակարարումը խափանել է: Իհարկե, ինչպես նշեցին խոսնակներից ոմանք, Ադրբեջանը կհերքի սա: Մեր ադրբեջանցի գործընկերները նախ կասեն, որ շրջափակում չկա, երկրորդ՝ նրանք կսկսեն արդարացնել շրջափակումը, որը նրանց խոսքերով այնտեղ չկա, այսպես կոչված էկոակտիվիստներով»,- նշել է Ռուբինյանը:
Նա հավելել է, որ դա ստուգելու միայն մեկ ճանապարհ կա: «Եկեք ենթադրենք, որ կա աշխարհով տարածված հայկական դավադրություն, որը ինչ-որ կերպ կարողացել է բոլորին խաբել և համոզել ամերիկացիներին, ռուսներին, ֆրանսիացիներին, իրանցիներին, Միացյալ Թագավորությանը, ԵԱՀԿ-ին, Եվրոպայի խորհրդին, թե կա շրջափակում, որը իրականում գոյություն չունի: Սա նշանակում է, որ Ադրբեջանը պետք է համաձայնվի, որպեսզի այս կազմակերպությունն անմիջապես փաստահավաք առաքելություն ուղարկի Լաչինի միջանցք, որովհետև դա մեր ադրբեջանցի գործընկերների համար միակ ճանապարհը կլինի ապացուցել, որ մենք կեղծ մեղադրանքներ ենք ներկայացնում: Մենք ասելով՝ նկատի ունեմ ինձ, իմ հայ գործընկերներին և բոլոր այն գործընկերներին, որոնք հայ չեն, բայց խոսեցին այսօր: Եթե մեր ադրբեջանցի գործընկերները համաձայն չեն սրան, սա նշանակում է, որ նրանք ունեն ցեղասպանական մտադրություն, նրանց մտադրությունն է մաքրել Լեռնային Ղարաբաղը հայ բնակչությունից, և սա նշանակում է, որ այս կազմակերպությունը պետք է գործի անմիջապես և պետք է քայլեր ձեռնարկի դա կանխելու համար»,- ասել է Ռուբինյանը: