
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի ծառայողական ավտոմեքենան վթարի է ենթարկվել

Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակից հաստատում են տարածվող լուրերն Անվտանգության խորհրդի քարտուղարի ծառայողական ավտոմեքենայի վթարի մասին: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ Անվտանգության խորհրդի գրասենյակից հաստատեցին լուրը՝ հայտնելով, որ վթարի հետևանքով տուժածներ չկան:
– Ինչպե՞ս կմեկնաբանեք այսօր վաղ առավոտից տարածվող տեղեկությունը, ըստ որի ԱԽ քարտուղարի ծառայողական մեքենան վթարի է ենթարկվել:
– Տեղեկությունը համապատասխանում է իրականությանը և բարեբախտաբար տուժածներ չկան: Դեպքից անմիջապես հետո իրականացվել է Քարտուղարի ծառայողական մեքենայի վարորդի սթափությունը պարզելու փորձաքննություն, ինչը փաստել է վարորդի սթափ լինելը: Հավելենք նաև, որ ԱԽ քարտուղարը ավտոմեքենայում չի եղել: