Մարմնամարզիկների համար այս տարին ամենակարևորներից մեկն է. Հակոբ Սերոբյան
Հայաստանի մարմնամարզության հավաքականին գերհագեցած տարի է սպասվում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:
«Մեզ շատ հագեցած տարի է սպասվում: Տարին նաև ամենակարևորներից է մարմնամարզիկների համար: Մեծահասակների համար տարին վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Մենք սկսել ենք լուրջ պատրաստվել աշխարհի գավաթի խաղարկության փուլերին: Առաջին ուսումնամարզական հավաքին կմասնակցենք ընդլայնված թիմով, որին կմասնակցեն նաև աղջիկները»,-ասաց Սերոբյանը:
Գլխավոր մարզչի խոսքով` մարմնամարզիկների համար հիմնական թիրախը հոկտեմբերին նախատեսված աշխարհի առաջնությունն է, որից զատ մարզիկները կմասնակցեն նաև գավաթի խաղարկության այլ ենթափուլերի:
«Ամառային հատվածը մեզ համար ևս հագեցած է: Եթե փոփոխություններ չլինեն, ապա կմասնակցենք Համաշխարհային ուսանողական խաղերին: Հայաստանը կներկայացնեն Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը: Այնուհետև նպատակ ունենք մասնակցելու Եվրոպական փառատոնին: Այստեղ ուզում ենք թիմով մասնակցել, և շատ լավ թիմով կմասնակցենք՝ Համլետ Մանուկյան, Մամիկոն Խաչատրյան, Ռոբերտ Գյուլումյան»,-ասաց նա:
Մասնագետն առանձնացրեց, որ հոկտեմբերին նախատեսված աշխարհի առաջնությունը 2023 թվականի ամենակարևոր մրցաշարն է: Մարզիկների գործը կրկնակի անգամ բարդանում է Օլիմպիական խաղերի քվոտայի նվաճելու անհրաժեշտությամբ պայմանավորված:
Առաջին անգամ Հայաստանը երիտասարդների Եվրոպայի առաջնությանը կունենա աղջիկ մասնակից:
Հայաստանի հավաքականը փետրվարի 7-ից 14-օրյա ուսումնամարզական հավաք կունենա Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում, որտեղից թիմը կմեկնի Գերմանիա աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին մասնակցելու համար: Դրանից անմիջապես հետո թիմը կմասնակցի Դոհայում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը:
Փարիզի 33-րդ Օլիմպիական խաղերի վարկանիշների համար մարզիկները կպայքարեն աշխարհի առաջնություններում և գավաթի խաղարկության փուլերում: ԱԱ-ում Օլիմպիական խաղերին մասնակցելու քվոտա կստանան աշխարհի չեմպիոնները և գավաթի խաղարկությունում վարկանիշային միավորներ հավաքած մարզիկները: