ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը մասնակցել է «Եվրոպական հնագիտության օրեր» համաժողովին
Ֆրանսիայի «Կանխարգելիչ հնագիտական ուսումնասիրությունների ազգային ինստիտուտի» հրավերով հունվարի 20-21-ը Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, կայացել է «Եվրոպական հնագիտության օրեր» ծրագրի համակարգողների առաջին համաժողովը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ Հայաստանից համաժողովին մասնակցել է ծրագրի համակարգող, ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը:
Համաժողովն անցկացվել է 4 թեմատիկ համաժամանակյա քննարկումներով՝ «Դերակատարների ակտիվացում», «Հաղորդակցություն», «Հանրային մասնակցություն» և «Եվրոպական հնագիտության օրերի ապագան» թեմաներով: «Հանրային մասնակցություն» թեմատիկ քննարկումը վարել և արդյունքները համաժողովի մասնակիցներին է ներկայացրել ՀՀ ներկայացուցիչը: Քննարկման ընթացքում ներկայացվել են Հայաստանում իրականացված միջոցառումները, շեշտադրվել և կարևորվել են երիտասարդների և դպրոցականների մասնակցությունն ու սահմանափակ կարողություններով անձանց ներգրավումը ծրագրին:
Գործընկերների հետ քննարկվել են հետագա համագործակցության ծրագրեր, մասնավորապես՝ Հայաստանի անդամակցության հարցը Եվրոպական հնագիտական խորհրդին:
«Եվրոպական հնագիտության օրեր» ծրագիրը նախաձեռնել է Ֆրանսիան, որին հետագայում միացել է 18 երկիր: Հայաստանը ծրագրին միացել է 2022 թվականին: Այն նշվում է յուրաքանչյուր տարի՝ հունիսին: 2022 թ. հնագիտական միջոցառումների շարքով ծրագրում ներգրավվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն», «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ները, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը, «Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան» ՀՈԱԿ-ը:
2023-ի «Եվրոպական հնագիտության օրեր» ծրագրի միջոցառումների ցանկն առաջիկայում հասանելի կլինի նախարարության պաշտոնական կայքում: