Բաժիններ՝

Երկրորդ աշխարհամարտի քարտեզի հրապարակումից հետո Նիդերլանդների գյուղերից մեկում գանձերի որոնումներ են սկսվել

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի՝ ձեռքով գծված քարտեզը հոլանդական փոքրիկ գյուղում գանձերի որոնումների հետ կապված իրարանցում է ստեղծել: Քարտեզի վրա կարմիր գույնով նշված է X տառը, որը, ենթադրաբար, ցույց է տալիս հարստության տեղը: Գանձեր որոնողները վստահ են, որ հենց նշված վայրում են թաղված թանկարժեք զարդերը, որոնք նացիստները գողացել են պայթեցված բանկային պահոցից: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:

Մետաղորսիչներով, բահերով և բջջային հեռախոսներում ներբեռնած քարտեզով՝ գանձեր որոնողները գնացել են Ամստերդամից մոտ 80 կմ դեպի հարավ-արևելք գտնվող, 715 բնակիչ ունեցող Օմերեն բնակավայր՝ փորձելով գտնել նացիստների կողմից թաղված գանձերը: Ըստ տեղի բնակիչների՝ որոնումներին ներգրավվել են ոչ միայն գյուղի բնակիչները:

Առայժմ ոչ ոք չի հաղորդել որևէ բան հայտնաբերելու մասին:

Գանձերի որոնումները սկսվել են այն բանից հետո, երբ հունվարի սկզբին Նիդերլանդների Ազգային արխիվը սովորականի նման հրապարակել է հազարավոր փաստաթղթեր, որպեսզի պատմաբաններն ուսումնասիրեն դրանք: Այդ փաստաթղթերի մեծ մասն այդպես էլ ուշադրության չի արժանացել, մինչդեռ քարտեզը մեծ տարածում է գտել և «խաթարել Օմերենի հանգիստ կյանքը»:

Սոցիալական ցանցերում լուսանկարներ են տարածվել, թե ինչպես են մարդիկ ավելի քան 1 մ խորությամբ փոսեր փորում, երբեմն նույնիսկ՝ մասնավոր սեփականություն հանդիսացող վայրերում՝ հույս ունենալով հարստություն գտնել:

Օմերենի իշխանությունները նախազգուշացրել են, որ մետաղորսիչներով գանձեր որոնելը կարող է վտանգավոր լինել, տարածքում կարող են չպայթած ռումբեր լինել, քանի որ Երկրորդ աշխարհամարտի տարիներին տվյալ հատվածն առաջնագիծ է եղել:

Ազգային արխիվի գիտաշխատող Անեթ Ուաաքենզը հայտնել է, որ 1945 թ.-ին պատերազմի ավարտից հետո գերմանացի զինվորներից մեկը հայտնել է, որ գյուղի տարածքում զինամթերքի տուփեր և թաշկինակներում փաթաթված ոսկյա իրեր են թաղվել: 1947 թ.-ին Նիդերլանդների իշխանությունները քարտեզի օգնությամբ և հիմնվելով զինվորի վկայությունների վրա՝ փորձել են գտնել թաքնված հարստությունը, սակայն դա նրանց չի հաջողվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս