
Պերուում ցուցարարների և իրավապահների միջև դարձյալ բախումներ են տեղի ունեցել նախագահի կողմից հաշտության կոչերից հետո

Հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Պերուի մայրաքաղաք Լիմայի փողոցներ: Ցուցարարների և իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել: Ոստիկանները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել: Բախումներից ժամեր առաջ Պերուի նախագահ Դինա Բոլուարտեն ցուցարարներին «հրադադարի» կոչ էր արել: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Լրատվամիջոցի տվյալներով՝ հունվարի 24-ին Լիմայում կայացած հակակառավարական բողոքի ցույցը ամենախոշորն էր և ամենակատաղին: Ցուցարարները պահանջում են, որ Բոլուարտեն հրաժարական տա, անմիջապես ընտրություններ անցկացվեն, իսկ խորհրդարանը ցրվի: Մինչև անցյալ շաբաթ հակակառավարական ցույցերը տեղի էին ունենում հիմնականում Պերուի հարավային շրջաններում:
Պերուում քաղաքական ճգնաժամ է առաջացել այն բանից հետո, երբ երկրի նախկին նախագահ Պեդրո Կաստիլիոն փորձում էր ցրել Կոնգրեսը, որպեսզի կասեցնի իր իմփիչմենթի հարցով երրորդ նիստը: Սակայն փոխարենը 2022 թ. դեկտեմբերի 7-ին պատգամավորները նրան իմփիչմենթ հայտարարեցին, և նա ձերբակալվեց: Կաստիլիոյին իշխանությունից հեռացնելուց հետո Պերուում լայնածավալ բողոքի ցույցեր սկսվեցին։ Դրանց մասնակիցները փակել են ճանապարհները, գրավել օդանավակայաններ, գրոհել իշխանության մարմինների և ուժային կառույցների շենքերը։
Դեկտեմբերից ի վեր բողոքի ակցիաների ընթացքում 56 մարդ է մահացել: