Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ կվերանորոգվի Արմավիրի քաղաքապետարանի թիվ 5 մանկապարտեզը

Արմավիրի քաղաքապետարանի թիվ 5 մանկապարտեզի վերանորոգման նպատակով՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի միջև դրամաշնորհային ծրագրի պայմանագիր է ստորագրվել։

Նախագծի նպատակն է ոչ միայն վերանորոգել մանկապարտեզի շենքը, այլև տեղադրել ջեռուցման համակարգ՝ անվտանգ նախադպրոցական կրթության կազմակերպման համար, որի արդյունքում տարեկան մոտ 190 երեխա կօգտվի ծրագրից:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես գալով՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշեց, որ բարելավված միջավայրը կնպաստի նախադպրոցական կրթության արդյունավետ կազմակերպմանը:

«Անցյալ տարի ընդունված «ՀՀ կրթության` մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրում» մեծ տեղ է հատկացված նախադպրոցական կրթության ընդլայնմանը և զարգացմանը:

Այս առումով մենք կարևորում ենք, որ միջազգային գործընկերների և բարեկամ երկրների աջակցությամբ իրականացվող նախագծերն ամբողջությամբ համահունչ լինեն ՀՀ կողմից իրականացվող կրթական, երիտասարդական, մշակութային քաղաքականության շրջագծին»,- նշեց փոխնախարարը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ հայ-ճապոնական հարաբերություններն ընդգրկուն են և դրսևորվում են նաև մշակութային գիտակրթական, հումանիտար և այլ ոլորտների երկխոսությամբ:

Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին նշեց, որ իր համար մեծ պատիվ է մասնակցել Արմավիրի քաղաքապետարանի թիվ 5 մանկապարտեզի վերանորոգման դրամաշնորհային ծրագրի ստորագրման արարողությանը:

«Ուրախ եմ հայտարարել, որ Մարդկային անվտանգության «Grassroots» ծրագրերի շրջանակում դրամաշնորհային օժանդակություն է տրամադրվելու «Արմավիր զարգացման կենտոնին»՝ ապահովելու երեխաների համար ուսուցման և զարգացման բարենպաստ պայմաններ՝ վերանորոգելով թիվ 5 մանկապարտեզը և տեղադրելով ջեռուցման համակարգ նախակրթական ուսուցման համար: Ճապոնիայի կառավարությունը կարևորում է կրթության դերը և վստահ է, որ նոր սերունդն ունի մեծ ներուժ, և այս պարագայում նրանց համար պետք է ստեղծել լավագույն պայմաններ: Նաև ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել այս ծրագրում ընդգրկված բոլոր կողմերին և մաղթել հաջողություն ծրագրի իրականացման գործում»,- ասել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանը:

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նաիրա Առաքելյանը շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի կառավարության և ԿԳՄՍ նախարարությանը աջակցության ծրագրերի համար` նշելով, որ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն և Ճապոնիայի կառավարությունը համագործակցում են դեռևս 2010 թ.-ից:

«Համագործակցության արդյունքում արդեն վերանորոգվել է Արմավիր մարզի Արմավիր գյուղական համայնքի երաժշտական դպրոցը, իսկ դրամաշնորհային նոր ծրագրի շնորհիվ Արմավիր քաղաքի երեխաները կունենան ևս մեկ վերանորոգված մանկապարտեզ»,- ասաց Առաքելյանը:

Տեսանյութեր

Լրահոս