
ՊԵԿ նախագահն աշխատանքային այց է կատարել Բագրատաշենի մաքսակետ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի և հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանի հետ աշխատանքային շրջայց է կատարել Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժին՝ մաքսային ծառայության աշխատանքային գործընթացի կազմակերպմանը տեղում հետևելու նպատակով:
Ինչպես հայտնում են ՊԵԿ-ից, Կոմիտեի ղեկավարը և ԱԺ պատգամավորները շրջել են Բագրատաշենի անցակետի տարածքով, ծանոթացել են մուտքի և ելքի ընթացակարգի hառանձնահատկություններին, քաղաքացիների և արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների սպասարկման համար ստեղծված պայմաններին: Դիտարկվել են նաև սահմանահատման գործընթացի բոլոր փուլերի պատշաճ կազմակերպման ընթացակարգերը:
Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ տնտեսվարողների համար սահմանային անցակետերով դյուրին և արագ տեղաշարժի ապահովումը Պետական եկամուտների կոմիտեի առաջնահերթություններից է, և Կոմիտեն շարունակական աշխատանքներ է իրականացնում սահմանահատման գործընթացների դյուրացման և թվայնացման ուղղությամբ:
Աժ պատգամավորներին ներկայացվել են նաև Բագրատաշենի մաքսակետի ենթակառուցվածքների արդիականացման ծրագիրը, էլեկտրոնային նոր ծրագրերի ենթահամակարգերի ներդրման ընթացքը, որոնց արդյունքում նախատեսվում է դյուրացնել սահմանահատման գործընթացը, բարձրացնել մաքսային գործառույթների և հսկողության արդյունավետությունը: Միաժամանակ մաքսային բարեփոխումների արդյունքում էապես կկրճատվի մաքսային գործառնությունների վրա ծախսվող ժամանակը, ինչը հնարավորություն կտա տնտեսվարողներին մաքսակետում ավելի կարճ ժամկետում ավարտել մաքսային ձևակերպումներին առնչվող գործընթացները:
Բագրատաշենի մաքսակետի ենթակառուցվածքների արդիականացումն իրականացվում է մաքսային ծառայությունում մեկնարկած բարեփոխումների շրջանակում: