
ԵՄ-ում ամենաուժեղ և ամենալավ զինված բանակը պետք է ստեղծենք. Գերմանիայի ՊՆ

Գերմանիայի պաշտպանության նոր նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է Բունդեսվերը Եվրամիության ամենահզոր բանակը դարձնելու մտադրության մասին:
«Գերմանիայի նպատակը պետք է լինի ԵՄ-ում ամենաուժեղ և ամենալավ զինված բանակի ստեղծումը: Սակայն դա հնարավոր չէ անել երեք տարում, ավելի երկար տարիներ կպահանջվեն։ Հիմա իմ նպատակը ծրագիրը հստակեցնելն է, որպեսզի բեկումնային կետը հաջողվի»,- ասել է նախարարը:
Պաշտոնը ստանձնելուց ընդամենը երկու օր անց Ներքին Սաքսոնիայի 62-ամյա նախկին ՆԳ նախարարն այցելել է Գերմանիայի Ռամշտայն ավիաբազա՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ հանդիպմանը։ Նա հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի և ուկրաինացի գործընկեր Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Ուկրաինային տրամադրվելիք օգնության հարցը։
«Այժմ մենք պետք է գնենք զենք և տեխնիկա, զորանոցներն արդիականացնենք և անձնակազմը հավաքագրենք»,- նշել է նախարարը: