Պոլսահայ երգչուհի Սիբիլի ստամբուլյան մենահամերգը փառահեղ ընդունելության է արժանացել
Պոլսահայ երգչուհի Սիբիլը 2023-ին մեծ տոն է նվիրել իր արվեստի երկրպագուներին՝ հունվարի 18-ին Ստամբուլում հանդես գալով մենահամերգով: Երգչուհին կատարել է ինչպես սիրված, այնպես էլ նոր երգեր: Համերգը հարուստ է եղել անակնկալներով. երեկոյին հյուրընկալվել են Ստամբուլի Հրանտ Դինքի անվան վարժարանի սաները, երաժիշտ Անդրե Սիմոնյանը, երգչուհի Այսենուր Քոլիվարը, Սիբիլ Արսէնյանի ղեկավարած Սիմֆոնիկ նվագախումբը, «Առագաստ» նվագախումբը և այլք: Բեմում շուրջ 45 ստեղծագործող է եղել:
Համերգն անցել է լեփ-լեցուն դահլիճում և բուռն ծափողջույնների է արժանացել: Այդ են վկայում թե՛ անհատների, թե՛ պարբերականների անդրադարձները կարևոր մշակութային իրադարձությանը:
Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթը համերգը համեմատել է աստղային տարափի հետ:
Ըստ «Օրաթերթ»-ի՝ Սիբիլի բնատուր տաղանդն ու կատարողական բարձր արվեստը վայելել են բոլոր ներկաները: Հանդիսատեսն աթոռներին գամված ըմբոշխնել է երգչուհու գեղեցիկ ձայնը: Համերգին բոլոր արտիստները տպավորել են իրենց վարպետությամբ: Նրանք ստիպել են լռել, ժպտալ, լրջանալ, տխրել ու խորհել:
Օրաթերթը երեկոյի ամենահուզիչ պահն է համարել Բարսեղ Կանաչյանի նշանավոր «Օրօր» ստեղծագործության կատարումը, երբ բեմում են եղել միայն երկու Սիբիլները, որոնք երգով փոխացել են իրենց մտահոգություններն ու ցավերը:
Ունկնդիրները համերգին հետևել են առանց աչք թարթելու, որովհետև արվեստագետները խոսել են երաժշտական գեղեցիկ լեզվով ու հասել են ունկնդրի հոգիներին:
Ստամբուլում լույս տեսնող «Մարմարա» օրաթերթի նախկին խմբագիր, մանկավարժ Մաքրուհի Յակոբյանը Սիբիլի հետ լուսանկար է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում և գրառմամբ պատմել է համերգից ստացած տպավորությունների մասին: Նա համերգը կախարդական ու հիասքանչ է համարել՝ նշելով, որ այդ բառերը բավարար չեն Սիբիլի հաջողությունը նկարագրելու համար:
«Սիբիլն արքայավայել մթնոլորտում իշխանուհու տեսքով կարողացավ հայրենաշունչ ապրումների տոնահանդես կազմակերպել, տոնահանդես, որը դիպել է մարդկանց հոգիներին հայկականության բոլոր պատգամներով»,-գրել է նա:
Յակոբյանի խոսքով՝ այդ պատգամների մեջ եղել է կարոտ, վիշտ, տրտմություն, տառապանք, արցունք, եղբայրասիրություն, գթություն, հպարտություն, քաջություն և հայրենասիրություն:
Մաքրուհի Յակոբյանը զորախումբ է համարել այն բոլոր արտիստներին, որոնք հանդես են եկել Սիբիլի հետ՝ շեշտելով, որ հպարտանում է բոլորով:
«Մարմարա» օրաթերթում հրապարակված հոդվածում ասվում է, որ հունվարի 18-ին երաժշտասերները ունկնդրել են ամենափառահեղ համերգներից մեկը: «Սիբիլն այս անգամ ևս գերազանցել է ինքն իրեն, նա ապրել և ապրեցրել է բոլոր ներկաներին, որոնք կախադրվել են երգչուհու կատարումներով: Բազմիցս ասել ենք և կրկին հաստատում ենք՝ Սիբիլի յուրահատկություններից մեկն այն է, որ նա կարողանում է նույնանալ հանդիսատեսի հետ և, միանալով նրանց, դառնալ մեկ մարմին: Առաջին երգից սկսած Սիբիլն իր հզոր, գրավիչ ձայնով կարողացել է գերել հանդիսատեսին և նրանց տարել երաժշտական հրաշալի, յուրօրինակ ճամփորդության իր հին ու նոր երգերով»,-ասվում է պարբերականի հրապարակած հոդվածում:
Սիբիլը ծնվել և ապրում է Ստամբուլում: Երգել սկսել է փոքր հասակից «Սուրբ Վարդանանց» երգչախմբում։ 2010-ի նոյեմբերին թողարկել է հայալեզու «Սիբիլ» ալբոմը, որտեղ տեղ են գտել «Տեր Ողորմեա», «Կիլիկիա», «Տեսնեմ Անին և նոր մեռնիմ», «Նամակ» և այլ երգերը։ Վերջինս մեծ հաջողություն է ունեցել Թուրքիայում։ «Նամակ»-ի տեսահոլովակը նկարահանվել է Թուրքիայի ամենահայտնի պրոդյուսերներից մեկի աջակցությամբ, և առաջին հայերեն տեսահոլովակն է եղել, որը ցուցադրվել է թուրքական պետական հեռուստատեսությամբ: 2012-ի ապրիլին Սիբիլը մրցանակի է արժանացել Մոսկվայում կայացած «Արմենիա» մրցանակաբաշխությանը, իսկ մեկ ամիս անց երգչուհուն Երևանում շնորհվել է Ազգային երաժշտական մրցանակ։