Բաժիններ՝

Բուլղարիայում չի հաջողվել կառավարություն կազմել. նախագահը կցրի խորհրդարանը

Բուլղարիայի սոցիալիստներն այսօր նախագահ Ռումեն Ռադևին են վերադարձրել կառավարություն կազմելու մանդատը. երկրում արդեն երրորդ անգամ չի հաջողվել նախարարների կաբինետ ձևավորել։ Այս առնչությամբ պետության ղեկավարը հայտարարել է, որ շուտով կհայտնի խորհրդարանի արձակման օրը։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:

«Անհրաժեշտ ամեն ինչ արեցինք մանդատը կատարելու և կառավարություն կազմելու համար: Բոլոր կողմերին հրավիրեցինք բանակցությունների, բայց անհրաժեշտ խորհրդարանական մեծամասնություն հավաքել մեզ չհաջողվեց», – ասել է Բուլղարիայի սոցիալիստական ​​կուսակցության առաջնորդ Կոռնելիա Նինովան՝ Ռադևին վերադարձնելով փաստաթղթերով թղթապանակը։

Արարողությունը հեռարձակել է Բուլղարիայի հեռուստատեսությունը։

«Այսօր զրույցի հրավիրեցի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներին, որպեսզի ավելի շատ տեղեկատվություն ստանամ ընտրությունների անցկացմանը պատրաստ լինելու մասին։ Հանդիպման հիման վրա որոշում կընդունեմ խորհրդարանի արձակման և նոր վաղաժամկետ ընտրությունների օրվա մասին», – ասել է Ռադևը:

Բուլղարիայի սոցիալիստական կուսակցությունը Բուլղարիայի 48-րդ Ժողովրդական ժողովի վերջին կուսակցությունն էր, որը կառավարություն կազմելու հնարավորություն էր ստացել, բայց մյուս քաղաքական շարժումների առաջնորդների հետ խորհրդակցություններից հետո նրանք հրաժարվել են վարչապետի թեկնածու առաջադրելու և կառավարություն կազմելու իրավունքից։

Բուլղարիայի Սահմանադրության համաձայն՝ նախագահը պետք է արձակի խորհրդարանը, հայտարարի նոր տեխնիկական կառավարության կազմը և նշանակի նոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը։

Կառավարություն կազմելու անհնարինության պատճառով խորհրդարանի արձակման մասին հայտարարության ստույգ ժամկետները գործող օրենսդրությամբ սահմանված չեն։ Սակայն հայտնի է, թե ով է լինելու նոր տեխնիկական կառավարության ղեկավարը: Ավելի վաղ Ռադևը հայտնել էր, որ Գիլիբ Դոնևը կպահպանի այդ պաշտոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս