Ինդոնեզիայում սկսել է ժայթքել Անակ-Կրակատաու հրաբուխը
Ինդոնեզիայում սկսվել է Անակ-Կրակատաու հրաբխի ժայթքումը, որը գտնվում է Ճավա և Սումատրա կղզիների միջև ընկած Զոնդյան նեղուցում: Այս մասին հաղորդում է ինդոնեզական ANTARA գործակալությունը։
«Երկուշաբթի առավոտից հրաբուխը ժայթքել է ութ անգամ:
Երեքշաբթի օրը հրաբխի մոխրասյունը բարձրացել Է մոտավորապես երկու կիլոմետր և տարածվել նեղուցի վրա: Անցանկալի իրադարձությունները կանխելու համար երեքշաբթի օրը իշխանություններն արգելել են բնակչությանը հինգ կիլոմետրից ավելի մոտենալ հրաբխին», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Ինդոնեզիայում ընդունված համակարգի համաձայն՝ ժայթքմանը տվել են վտանգավորության չորս մակարդակներից երրորդը: РИА Новости գործակալությունը նշում է, որ նախկինում Անակ-Կրակատաու հրաբխի վայրում (որի անունը բառացի թարգմանվում է որպես «Կրակատաուի զավակ») գտնվում էր հայտնի Կրակատաու հրաբուխը։
Սակայն 1883 թ.-ին 35 հազար մարդու մահվան պատճառ դարձած ժայթքումը վերացրել Է հրաբուխը։ 1927-1930 թթ. մի շարք ժայթքումների արդյունքում այս վայրում առաջացել է Անակ-Կրակատաու հրաբուխը։ Անակ-Կրակատաուն ժայթքել Է 2018 թ.-ին. դրանից առաջացած ցունամին 429 մարդու կյանք է խլել: