Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ-ի հատուկ ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքում տեղի ունեցող զարգացումների առնչությամբ
Հարավային Կովկասում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ, փոխնախագահ Պերե Խոան Պոնսը (Իսպանիա) մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքում տեղի ունեցող զարգացումների և տեղի հայ բնակիչների կյանքի վրա դրանց մարդասիրական հետևանքների առնչությամբ և կոչ է արել վերսկսել կառուցողական երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս մասին ասվում է Պոնսի տարածած հաղորդագրությունում:
«Ես ուշադիր հետևում եմ Լաչինի միջանցքի շուրջ ընթացող զարգացումների վերաբերյալ զեկույցներին և խիստ անհանգստացած եմ տեղի բնակիչների առօրյա կյանքի վրա դրա ազդեցությամբ, քանի որ հիմնական ապրանքների և ծառայությունների հասանելիությունն արդեն մի քանի շաբաթ է՝ սահմանափակվել է: Թեև ես բարձր եմ գնահատում Լաչինի ճանապարհին շարունակվող ցույցերի հետևանքները մեղմելու ուղղությամբ ջանքերը, հատկապես՝ ԿԽՄԿ-ի, բոլոր կողմերին կոչ եմ անում ակտիվացնել իրենց ջանքերը՝ իրավիճակին արագ լուծում ապահովելու համար», – ասել է Պոնսը:
Փոխնախագահ Պոնսը նաև միացել է ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանիին, որը բոլոր կողմերին կոչ էր արել թուլացնել լարվածությունը և ներգրավվել կառուցողական և արդյունավետ երկխոսության մեջ՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության կառուցմանը և հարաբերությունների կարգավորմանը:
«Երբ քաղաքական տարաձայնությունները պահպանվում են, և բանակցությունները կարող են հայտնվել փակուղում, մեր կառավարությունները չպետք է անզգույշ լինեն և դիմեն այնպիսի մեթոդների, որոնք մեր քաղաքացիներին քաղաքական կոնսենսուսի հասնելու մեր անկարողության զոհ են դարձնում», – ընդգծել է Պոնսը:
«Մենք պետք է նաև հիշենք, որ որքան երկար այս վեճը մնա չլուծված, այն ոչ միայն բացասաբար է անդրադառնում խաղաղության փխրուն գործընթացի վրա, այլ նաև խարխլում է տարածաշրջանում ապագա խաղաղ գոյակցության հիմքերը», – հավելել է նա:
Հատուկ ներկայացուցիչը հիշեցրել է, որ ԵԱՀԿ-ի հետ առկա ճգնաժամը հաղթահարելու գործիքներն առկա են, սակայն դրանց լիարժեք կիրառումը մնում է կողմերի հայեցողությանը, ինչպես նաև այլ կառավարությունների և խորհրդարանների հայեցողությանը՝ անաչառ կերպով աջակցել այս գործընթացին և ապահովել կառուցողական բանակցությունների առաջխաղացումը՝ հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա։ Պոնսն ընդգծել է, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը պատրաստ է աջակցել այս գործընթացին՝ որտեղ անհրաժեշտ է և որտեղ դա օգտակար համարվի։