Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ին անդամակցության շուրջ բանակցությունները դադարի կարիք ունեն. Ֆինլանդիայի ԱԳՆ

Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ Ֆինլանդիայի և Շվեդիայի բանակցությունները դադարի կարիք ունեն, հայտարարել է Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկա Հաավիստոն։ Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից:

«Անհրաժեշտ է բանակցություններին դադար տալ: Ավելի լավ է շարունակել, երբ մթնոլորտը կհանդարտվի», – թուրքական NTV հեռուստաալիքը մեջբերում է Հաավիստոյի խոսքը։ Շաբաթ օրը դանիական ծայրահեղ աջ «Կոշտ ուղեգիծ» կուսակցության առաջնորդ Ռասմուս Պալուդանը Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ այրել էր Ղուրանը. նա ակցիայի անցկացման համար Շվեդիայի իշխանություններից նախապես թույլտվություն էր ստացել։

Այս գործողությունները դատապարտվել են բազմաթիվ երկրների կողմից։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ղուրանն այրելուց հետո Շվեդիան չպետք է ակնկալի Թուրքիայի աջակցությունը ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հայտի հարցում։

«Մենք պետք է գնահատենք իրադրությունը: Արդյո՞ք տեղի է ունեցել ինչ-որ բան, որը երկարաժամկետ հեռանկարում կխանգարեր Շվեդիայի առաջընթացին նախագծում (ՆԱՏՕ-ին անդամակցության): Դեռ վաղ է խոսել այդ մասին», – Հաավիստոն ասել Է YLE հանրային հեռուստառադիոընկերության եթերում՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք Ֆինլանդիայի համար իմաստ ունի հայտին հավանություն ստանալու հարցում շարունակել շարժվել Շվեդիայի հետ նույն տեմպերով։

«Ֆինլանդիան, որը մայիսին Շվեդիայի հետ համատեղ հայտ էր ներկայացրել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, կարող է քննարկել դաշինքին անդամակցության ընթացակարգն առանց Ստոկհոլմի շարունակելու հնարավորությունը», – հավելել է Ֆինլանդիայի արտգործնախարարը:

Ֆինլանդիան և Շվեդիան Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու համատեղ հայտը ներկայացրել են 2022 թ. մայիսին: Հայտը վավերացրել են 30 երկրներից 28-ը, բացառությամբ Հունգարիայի և Թուրքիայի։

Տեսանյութեր

Լրահոս