
Արգենտինայի հայ համայնքը Բուենոս Այրեսում ցույց է արել՝ կոչ անելով վերջ դնել Ադրբեջանի կողմից Արցախի ցեղասպան շրջափակմանը

Արգենտինահայ համայնքը ցույց է անցկացրել Բուենոս Այրեսի խորհրդանիշը հանդիսացող Օբելիսկի մոտ՝ բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման և 2022 թ. դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով այնտեղ առաջացած լուրջ հումանիտար ճգնաժամի մասին: Այս մասին հաղորդում է Արգենտինայում հրապարակվող Diario Armenia-ին:
Լրատվամիջոցը նշում է, որ հունվարի 23-ին, ժամը 17:00-ից սկսած՝ արգենտինահայ տարբեր տարիքի քաղաքացիներ հավաքվել են Հանրապետության Հրապարակում: Նշվում է, որ ակցիան հրավիրվել էր IARA-ի (Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատություններ) կողմից: Ցուցարարները հրապարակ են եկել շրջափակումը դատապարտող և միջանցքն անհապաղ բացել պահանջող պաստառներով:
«Լաչինի միջանցքը միակ ուղին է, որպեսզի կենսական պաշարները, ինչպիսիք են սննդամթերքը, դեղորայքը և էներգետիկ ռեսուրսները հասնեն այնտեղ ապրող 120,000 հայ բնակիչներին (ներառյալ 30,000 երեխաներ և 20,000 տարեցներ)», – ասել են ակցիայի կազմակերպիչները՝ հավելելով, որ «սա Ադրբեջանի և նրա նախագահ Իլհամ Ալիևի կողմից ևս մեկ մանևր է` իրականացնելու էթնիկ զտումների ցեղասպանական ծրագիրը այս շրջանի հայ բնակչության դեմ:
«Որպես Արգենտինայի հայազգի քաղաքացիներ՝ մենք կոչ ենք անում մեր երկրի ժողովրդին և իշխանություններին իրենց համերաշխությունը հայտնել Արցախի բնակիչներին, բարձրացնել իրենց ձայնը և համապատասխան պահանջներ ներկայացնել միջազգային կազմակերպություններին, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի անմարդկային վերաբերմունքը, որին ենթարկվում են Արցախում ապրող 120 հազար մարդիկ», – նշել են կազմակերպիչները: