Հայտնի է Թուրքիայի ԱԽ առաջիկա նիստի օրակարգը

Թուրքիայի անվտանգության խորհրդի ընթացիկ տարվա առաջին նիստը Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ տեղի կունենա հունվարի 25-ին:

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Նիստի օրակարգում ներառված են տարածաշրջանային և ազգային անվտանգության ռազմավարական հարցեր։

Առանձնահատուկ շեշտադրում է արվելու Թուրքիայի կողմից Հյուսիսային Իրաքում և Սիրիայում իրականացվող ռազմական գործողությունների հետ կապված հարցերի վրա:

Քննարկվելու է Դամասկոսի հետ վերջին 12 տարում առաջին անգամ սկսված երկխոսության ընթացքը։

Մտքերի փոխանակում է լինելու Հունաստանի հետ հարաբերություններում, Էգեյան ծովում եւ Արևելյան Միջերկրական ծովում, այդ թվում՝ Կիպրոսում տիրող իրավիճակի շուրջ։

Օրակարգի կարևոր հարցերից է Ուկրաինայի թեման, այդ թվում՝ «հացահատիկային միջանցքը»։

Վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների լույսի ներքո քննարկվելու են ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության դիմումների հետ կապված հարցեր:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 23-ին նախարարների կաբինետի նիստից հետո կայացած հեռուստաուղերձի ժամանակ հայտարարել է, որ Շվեդիան չպետք է ակնկալի, որ Անկարան կհաստատի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր դիմումն այն բանից հետո, երբ Շվեդիայի իշխանությունները թույլ են տվել Ստոկհոլմում հակաթուրքական գործողություններ իրականացնել և այրել Ղուրանը:

«Նրանք, ովքեր թույլ տվեցին, որ նման խայտառակություն կատարվի Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան առջև, չպետք է մեզանից որևէ բարյացակամություն սպասեն ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց դիմումի առնչությամբ։ Եթե ​​Շվեդիան չի հարգում Թուրքիային, ինչպես նաև մուսուլմանների կրոնական զգացմունքները, ապա ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում մեզանից ոչ մի աջակցություն չի ստանա», – «Anadolu» գործակալությունը մեջբերում է Թուրքիայի ղեկավարի խոսքերը։

Տեսանյութեր

Լրահոս