Անկարան թույլ չի տա Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին. Էրդողան

Շվեդիան չպետք է ակնկալի, որ Անկարան կհաստատի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր դիմումն այն բանից հետո, երբ Շվեդիայի իշխանությունները թույլ են տվել Ստոկհոլմում հակաթուրքական գործողություններ իրականացնել և այրել Ղուրանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի նախարարների կաբինետի նիստից հետո կայացած հեռուստաուղերձում։

«Նրանք, ովքեր թույլ տվեցին, որ նման խայտառակություն կատարվի Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան առջև, չպետք է մեզանից որևէ բարյացակամություն սպասեն ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց դիմումի առնչությամբ։ Եթե ​​Շվեդիան չի հարգում Թուրքիային, ինչպես նաև մուսուլմանների կրոնական զգացմունքները, ապա ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում մեզանից ոչ մի աջակցություն չի ստանա», – մեջբերում է «Anadolu» գործակալությունը Թուրքիայի ղեկավարի խոսքերը։

Էրդողանի խոսքով՝ «Շվեդիայում կատարված զազրելի արարքը վիրավորանք է բոլորի համար, ովքեր հարգում են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, այդ թվում՝ մուսուլմանների իրավունքներն ու ազատությունները»։

«Եթե Շվեդիան այդքան աջակցում է ահաբեկչական կազմակերպության անդամներին և իսլամի թշնամիներին, ապա մենք խորհուրդ ենք տալիս իրենց երկրի պաշտպանությունը նրանց վստահել», – ասել է Թուրքիայի ղեկավարը։

Գործակալությունը նշում է, որ հունվարի 21-ին աջ ծայրահեղական քաղաքական գործիչ Ռասմուս Պալուդան հակաիսլամական սադրանք է իրականացրել Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան առջև։ Նա հրապարակայնորեն այրել է մուսուլմանների սուրբ գիրքը՝ Ղուրանը։

Ի պատասխան՝ Անկարան չեղարկել է Շվեդիայի պաշտպանության նախարար Պալ Ջոնսոնի առաջիկա այցը Թուրքիա։

Անկարայում Շվեդիայի դեսպան Ստաֆան Հյորստրյոմը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ, որտեղ նրան խիստ բողոք են ներկայացրել այն առնչությամբ, որ Շվեդիայի իշխանությունները տվյալ ակցիայի կազմակերպման թույլտվություն են տվել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031