Մոսկվան և Կիևը հաղորդել են փոխադարձ գնդակոծությունների մասին, Զելենսկին կադրային փոփոխություններ է կատարել. հակամարտության 335-րդ օրը
Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունները շարունակվում են արդեն 335 օր: Վերջին մեկ օրվա ընթացքում Դոնեցկի ուղղությամբ ռուսական գրոհային ստորաբաժանումների կամավորները, օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիայի, հրթիռային զորքերի և հրետանու օգնությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Կրասնոպոլյե բնակավայրը:
ԴԺՀ-ից միևնույն ժամանակ հայտնում են, որ ուկրաինական ուժերի գնդակոծության հետևանքով 9 խաղաղ բնակիչ է վիրավորվել: Ըստ ռուսական ТАСС գործակալության՝ Ուկրաինայի զինված ուժերը համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից գնդակոծել են Իլովայսկ բնակավայրը, որի հետևանքով 2 մարդ է վիրավորվել:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն իր հերթին հաղորդել է, որ ռուսական ուժերը գնդակոծել են Խարկովի, Դոնեցկի և Զապորոժիեի մարզերը, շարունակվում են հարձակումները Բախմուտի, Ավդեևկայի և այլ ուղղություններով:
Ըստ Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի հերթական տեղեկագրի՝ ռուսական ուժերի կողմից Զապորոժիեի մարզում գրոհ կատարելու փորձը տապալվել է, տարածքային ձեռքբերումներ տեղի չեն ունեցել: Մինչդեռ Զապորոժիեի մարզի՝ ռուսական վերահսկողության տակ գտնվող հատվածի ղեկավար Վլադիմիր Ռոգովը հայտնել է մի քանի գյուղի գրավման մասին:
Ակտիվորեն քննարկվում է նաև Կիևին տանկեր մատակարարելու հարցը: Ըստ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի՝ Leopard տանկերի մատակարարումների շուրջ բանակցություններն ավարտի փուլում են գտնվում: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Լեհաստանը պաշտոնապես կդիմի Գերմանիային, որպեսզի Leopard-2 տանկերի մատակարարման հավանություն ստանա Բեռլինից: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Արմենպրես»-ը, Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը հայտնել էր, որ Գերմանիան տանկերի մատակարարմանը չի խոչընդոտի:
Ի դեպ, Եվրամիության արտգործնախարարները երեկ տեղի ունեցած հանդիպման ընթացքում հաստատել են Ուկրաինային ռազմական օգնության հերթական տրանշը՝ 500 միլիոն եվրոյի չափով:
Իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան տեսաուղերձի ժամանակ հայտարարել է ռուսաստանցի 22 հոգևորականների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին, որոնք, Զելենսկիի խոսքով, «հոգևորականության քողի տակ աջակցում են ահաբեկչությանը և ցեղասպան քաղաքականությանը»:
Զելենսկին նաև հայտնել է, որ Ազգային անվտանգության խորհուրդը որոշում է ընդունել, որ իշխանության ներկայացուցիչները, սկսած տեղական ինքնակառավարման մարմինների պատգամավորներից մինչև ուժայիններ, չեն կարող իրենց հանգիստն անցկացնել արտերկրում: Բացի այդ, ըստ Ուկրաինայի նախագահի, տարբեր օղակներում կադրային փոփոխություններ են կատարվել: Զելենսկին անուններ չի հայտնել, սակայն «Украинская правда»-ն, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ պաշտոնաթող կլինի Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն, ինչպես նաև մի շարք մարզերի ղեկավարներ: