Բաժիններ՝

Ռուսաստանն արտաքսել է Էստոնիայի դեսպանին, Էստոնիան համարժեք պատասխան է տվել

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը ՌԴ-ում Էստոնիայի դեսպան Մարգուս Լայդրեին կանչել է գերատեսչություն և հայտնել, որ վերջինս պետք է երկիրը լքի փետրվարի 7-ին: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունը:

«Այժմ Էստոնիան նոր անբարյացակամ քայլ է ձեռնարկել՝ արմատապես նվազեցնելով Տալլինում Ռուսաստանի դեսպանատան անձնակազմի թվաքանակը, ինչը հաստատում է մեր երկրների միջև հարաբերությունների փլուզման միտվածությունը։ Որպես պատասխան՝ ռուսական կողմը որոշել է երկու երկրներում դիվանագիտական ​​ներկայացուցչի պաշտոնն իջեցնել գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնի», – նշվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:

ՌԴ ԱԳՆ-ն շեշտում է, որ «նման իրավիճակի զարգացման ողջ պատասխանատվությունն ընկնում է էստոնական կողմի վրա»:

Ըստ Associated Press գործակալության՝ Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեյնսալուն հայտարարել է, որ ի պատասխան ՌԴ քայլի, ելնելով հավասարության սկզբունքից՝ Էստոնիայում Ռուսաստանի դեսպանը փետրվարի 7-ին պետք է լքի երկիրը:

Հունվարի սկզբին Էստոնիայի արտգործնախարարությունը Ռուսաստանից պահանջել էր մինչև փետրվարի 1-ը դիվանագիտական ներկայացուցչությունում իր անձնակազմի թիվը նվազեցնել և դեսպանատանն ունենալ միայն 8 դիվանագետ և վարչական, տեխնիկական և սպասարկող 15 աշխատակից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս