Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները նոր մակարդակի են հասնում. Վոլոդին

Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները նոր մակարդակի են հասնում, ամրապնդվում են փոխադարձ վստահությունն ու փոխգործակցությունը, հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։ Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից:

«Այսօր Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները նոր մակարդակի են հասնում, որն առանձնանում է փոխվստահության ամրապնդմամբ և գործնական փոխգործակցության խորացմամբ»,- ասել է նա Պետդումայի և Իրանի խորհրդարանի համագործակցության հարցերով միջխորհրդարանական հանձնաժողովի երրորդ նիստի ընթացքում։

Պետդումայի նախագահը նշել է, որ ավարտվում է նոր հիմնարար միջպետական ​​պայմանագրի և մի շարք պրոֆիլային համաձայնագրերի պատրաստումը, որոնք նախատեսում են համագործակցության զարգացում տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առևտրի, տրանսպորտի, գյուղատնտեսության և մաքսային կարգավորման:

«Սա, ըստ էության, աննախադեպ է մեր հարաբերություններում, քանի որ դրանք ընդգրկում են գործնականում բոլոր ոլորտները»,- հավելել է Վոլոդինը։

Պետդումայի նախագահը նաև հայտնել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև հարկավոր է ավելի ակտիվորեն օգտագործել ազգային արժույթներով հաշվարկները՝ նշելով, որ փոխադարձ հաշվարկներում ռուբլու և ռիալի բաժինը գերազանցում է 60 %-ը: Վյաչեսլավ Վոլոդինը հունվարի 22-ի երեկոյան երկօրյա այցով ժամանել է Թեհրան: Ըստ իրանական IRNA գործակալության՝ Վոլոդինին այսօր առավոտյան Մեջլիսում ընդունել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:

Տեսանյութեր

Լրահոս