ԱՆԻՖ-ի տնօրեն Դավիթ Փափազյանը մասնակցել է «Աբու Դաբիի կայունության շաբաթ» ֆորումի շրջանակներում քննարկմանը

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը մասնակցել է Աբու Դաբիի կայուն ֆինանսավորման 5- րդ ֆորումի «Ճանապարհ դեպի COP28, ԱՄԷ» շրջանակներում պանելային քննարկմանը։ Այս մասին հայտնում են ԱՆԻՖ-ից, նշելով, որ ֆորումը անցկացվում էր Abu Dhabi Global Markets-ում և հյուրընկալվում էր Մասդարի կողմից՝ «Աբու Դաբիի կայունության շաբաթ» կոնֆերանսի շրջանակներում՝ հունվարի 15-19:

«Աբու Դաբիի կայուն զարգացման շաբաթը» կայունության գլոբալ ամենամյա ֆորում է, որը ներգրավում է շուրջ երեսուն հազար մասնակիցների ավելի քան 100 երկրներից, ներառյալ երկրների ղեկավարների, համաշխարհային բիզնես առաջնորդների և կայուն զարգացման եւ բնապահպանական, սոցիալական եւ կառավարչական (ԲՍԿ) ոլորտի փորձագետների:

Դավիթ Փափազյանը մասնակցել է «Կոնկրետ գործարքների և պրոդուկտների առաջարկը» խորագրով պանելային քննարկմանը, որը դիտարկում էր, թե ինչպես արմատական և մանրակրկիտ գործառնությունները կարող են ազդել ֆինանսական հատվածի վրա՝ կայուն զարգացման խնդիրների ներառման տեսանկյունից: Խոսել է ԱՆԻՖ-ի՝ որպես ազգային սուվերեն ֆոնդի դերի մասին հայաստանյան ֆինանսական շուկայում կայունության օրակարգի ձևավորմանն աջակցելու գործում։ Մասնավորապես խոսվել է նաեւ ԱՆԻՖ-ի եւ Մասդարի համատեղ արևային «Այգ-1» ծրագրի մասին՝ որպես Հայաստանի համար դեպի կայուն էներգիայի անցում ուղենիշային ծրագրի մասին։

Ֆորումը բաղկացած էր նիստերից և պանելային քննարկումներից՝ կենտրոնանալով այս տարվա #COP28-ի վրա, որը կհյուրընկալվի ԱՄԷ-ում, և անդրադառնում էր ֆինանսական վերջին միտումներին, կանոնակարգերին և այլ խնդիրներին:

ԱՆԻՖ-ը հանձնառու է աջակցել հայաստանյան գործարար միջավայրում կայունության օրակարգի ձևավորմանը, ապահովելով հայաստանյան բիզնեսների մրցունակությունը, ինչպես նաև ԲՍԿ պատշաճ չափանիշների ներդրումը։

Տեսանյութեր

Լրահոս