
«Փետրվարին պետք է գար, զորացրվելուն 24 օր էր մնացել»․ Ուրցաձորում այսօր վերջին հրաժեշտն են տալիս զինվորական կացարանում զոհված Տարոնին

Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի Ուրցաձոր բնակավայրում այսօր վերջին հրաժեշտն են տալիս Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին բռնկված հրդեհի հետևանքով զոհված ժամկետային զինծառայող Տարոն Սեդրակի Ղարիբյանին։
Ուրցաձորի բնակիչ Ռազմիկ Հակոբյանը, որը նաև Ուրցաձորի դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչ է, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Տարոնը մասնակցել էր 2022 թվականի սեպտեմբերյան մարտերին և հրաշքով փրկվել էր, նրա զորացրվելուն 1 ամիս էլ չէր մնացել։
«Տարոնը շատ համեստ, շատ խելացի տղա էր։ Իրենք իմ հարևանն են, իրենց քրտինքով աշխատող ժողովուրդ են։ Տարոնն ունի 2 եղբայր, 1 քույր, ինքը փոքրն էր։ Երկու եղբայրները պատվով ծառայել, վերադարձել են, ինքն էլ փետրվարին պետք է գար․․․
Դեպքի օրը իրեն ընդամենը 24 օր էր մնացել, որ զորացրվեր»,- ասաց Ռազմիկ Հակոբյանը։
Զոհված զինծառայող Տարոն Ղարիբյանի հուղարկավորությունն այսօր է՝ Ուրցաձորի ընտանեկան գերեզմանոցում։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում, ինչի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: