Թալիբները հայտնել են Իրանի ջրամատակարարումը կրճատելու պատճառը
Թալիբների արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մութաքին Իրանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, Աֆղանստանում դեսպան Հասան Քազեմի Քումիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ թալիբները հարգում են Իրանի իրավունքները ջրի նկատմամբ, և մատակարարումների կրճատումը բացատրել Է երաշտով:
«Մենք հավատարիմ ենք Աֆղանստանի և Իրանի միջև ստորագրված ջրի շուրջ համաձայնագրերին, սակայն ջրի քանակը նվազել է անձրևների բացակայության և երաշտի պատճառով: Հուսով եմ, որ տեղումների ավելացմանը զուգահեռ այս խնդիրը կլուծվի», – հայտարարել Է Մութաքին, որի խոսքը Twitter-ում մեջբերել է թալիբների ԱԳՆ-ի մամուլի խոսնակի տեղակալ և հասարակայնության հետ կապերի հարցերով տնօրենի օգնական Հաֆիզ Զիա Ահմադը։
«Քումին հայտարարել է, որ հաշվի առնելով երկրների միջև ձեռք բերված համաձայնության կարևորությունը՝ հարկավոր Է ջանքեր գործադրել՝ ջուրն այնպես կառավարելու, որ այն զուր չվատնվի»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ կողմերը հանգամանորեն քննարկել են քաղաքական և տնտեսական թեմաներ, հայտնել են իրենց վճռականությունը՝ զարգացնելու համագործակցությունը իսկական բարիդրացիության հիման վրա և հաշվի առնելով փոխադարձ շահերը։
Փորձագետների կարծիքով՝ Իրանի և Աֆղանստանի միջև ջրի հետ կապված խնդիրները պատմական տարբեր փուլերում երկու երկրների միջև սահմանազատման հետևանք են։ Անցած 150 տարվա ընթացքում Իրանի և Աֆղանստանի միջև ստորագրվել Է սահմանային գետերի ջրի օգտագործման մասին չորս համաձայնագիր, սակայն դրանք այդպես Էլ լիովին չեն իրագործվել։
Արդյունքում կողմերը միմյանց մեղադրել են ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ։
Փորձագիտական տվյալներով՝ Աֆղանստանի ջրային պաշարները կազմում են տարեկան 70 միլիարդ խորանարդ մետր։
Դրա միայն 20%-ն է օգտագործվում երկրի կարիքների համար, 80%-ը գնում է Իրան, Պակիստան և Կենտրոնական Ասիա։ Վերջին տասնամյակների ընթացքում Աֆղանստանը մի քանի խոշոր ջրամբարներ և ամբարտակներ է կառուցել Հիլմենդ գետի վրա, ինչը ջրի խնդրի շուրջ Իրանի և Աֆղանստանի միջև վեճերի պատճառ է հանդիսանում։