Գեղարքունիքի մարզում ներդրվել է Պարեկային ծառայության համակարգը
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի մասնակցությամբ Գեղարքունիքի մարզում տեղի է ունեցել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառում։
Միջոցառմանը մասնակցել են նաեւ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, Գեղարքունիքի մարզի ուժային կառույցների ղեկավարներ։ Միջոցառման սկզբում մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք է մատուցվել հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետեւանքով զոհված զինծառայողների հիշատակին:
Պարեկային ոստիկանության գործարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել ծառայության անցնող պարեկային ոստիկաններին եւ հավաստիացրել, որ նրանց գործունեության ընթացքում օրինականության պահպանման մակարդակը եւ որակը, ի թիվս այլ մարզերի, կփոխվի նաեւ Գեղարքունիքի մարզում։
«Շատ կարևոր է ընդգծել, որ 2022 թվականին մենք ճանապարհատրանսպորտային պատահարների, զոհերի եւ վիրավորների թվաքանակի շոշափելի նվազում ենք ունեցել ոչ միայն 2021, այլ նաև 2019 թվականի համեմատ: 2020 թվականը մենք վիճակագրության հետ համեմատության մեջ չենք դնում, որովհետեւ համավարակի պատճառով մի քանի ամիս նորմալ երթևեկություն ընդհանրապես չի եղել: Մենք սա կապում ենք նաեւ այն բարեփոխումների հետ, որ իրականացնում ենք ոստիկանությունում․ ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը՝ եւս 4 մարզերում Պարեկային ոստիկանության գործարկմամբ: Ձեր ծառայության շնորհիվ զոհերի, վիրավորների, ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը կնվազի: Ուզում եմ հենց սա նկատի ունենաք դուք ձեր ծառայության մեջ. ամեն իրավիճակում ինչքանով սկզբունքային կգտնվեք օրենքի տեսակետից՝ այնքանով նորանոր մարդկանց կյանք կփրկեք, այնքանով նոր մարդկանց կազատեք վնասվածքներից, կորուստներից, սթրեսից, հաշմանդամությունից եւ այդպես շարունակ»,- ասել է ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նաեւ տեղեկացրեց, որ Գեղարքունիքը, թերեւս, միակ մարզն է, որտեղ Պարեկային ծառայությունն իրականացվելու է երկու փուլով. Գեղարքունիքի մարզում հաջորդ փուլով կմեկնարկի առափնյա եւ ջրային պարեկային ծառայությունը, որն, ամենայն հավանականությամբ, կներդրվի այս տարվա ընթացքում:
Այդ պահից սկսած՝ Պարեկային ոստիկանության աշխատակիցները ծառայության են անցել Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքով։
Պարեկային ծառայության մեկնարկի առիթով Գեղարքունիքի մարզի պարեկային ծառայության աշխատակիցներին շնորհավորանքի խոսք է հղել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։