Աննա Հակոբյանն Իրանում բարձրաձայնել է Արցախում առաջացած հումանիտար ճնաժամի հարցը

Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Իրանի Իսլամական հանրապետությունում մասնակցել են «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարին»: Հունվարի 20-ին անցկացվող ֆորումի առաջին հատվածում Թեհրանում գտնվող առաջին տիկինները հանդես են եկել ելույթներով և քննարկել համագումարի ավարտին հուշագիր կնքելու մանրամասները:

Աննա Հակոբյանը ևս ելույթով է հանդես եկել և գործընկերներին ներկայացրել է Հայաստանում կանանց ներգրավածությանը մակարդակը` քաղաքական ոլորտից մինչև առողջապահություն, կրթություն և անգամ Զինված ուժեր:

Վարչապետի տիկինը ներկաներին վստահեցրել է, որ այսօրինակ միջոցառումներն ավելի են կարևորվում ժամանակակից աշխարհում, որտեղ մեծապես արժևորվում է կնոջ դերը: Նման համագունարները նպաստում են նաև տարբեր գործունեություն ծավալող կանանց հավաքվել, քննարկել, լուծումներ գտնել:

Աննա Հակոբյանը գործընկերներին է ներկայացրել նաև խաղաղություն հաստատելու նպատակով իր ստեղծած «Կանայք հանուն արդարության» նախաձեռնությունը, որի նպատակն է պայքարել պատերազմների դեմ, միավորել և բարձր հնչեցնել կանանց ձայնը:

Նախաձեռնությանը խանգարեց Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմը: Ներկայացնելով Հայաստանի առաջ ծառացած խնդիրները` 44-օրյա պատերազմից մինչև Ադրբեջանի կողմից հայկական տարածքների օկուպացիա, պահվող գերիներ, անհետ կորածներ, չդադարող հարձակումներ, հերոսների պղծված մարմիններ, հողին չհանձնված նահատակներ, վարչապետի տիկինը ներկաների ուշադրությունը հրավիրել է վերջին օրինախախտմանը` ադրբեջանցի կեղծ բնապահպանների կողմից Արցախը Հայաստանին կապող միակ կյանքի ճանապարհի փակմանը, 120.000 հայի զրկելով առողջապահական, կրթական և անհրաժեշտ կենսական տարրական պայմաններից: Մեկ ամսից ավելի է երեխաները զրկված են ծնողներից, կանայք իրենց ամուսիններից` իր խոսքում ընդգծել է Աննա Հակոբյանը:

Վարչապետի տիկնոջ խոսքով՝ այս ամենը հետապնդում է Արցախում ապրող հայերին էթնիկ զտման ենթարկելու մտադրություն: Իսկ այս ամենը կանխելու համար, ըստ վարչապետի տիկնոջ, անհրաժեշտ է ողջ միջազգային հանրության հասցեագրված ու դատապարտող արձագանքը:

Աննա Հակոբյանը ներկաների ու աշխարհի բոլոր կանանց առաջարկել է միանալ խաղաղություն հաստատելու արշավին և միասնականության կոչ արել:

Ելույթի ավարտին Աննա Հակոբյանը ողջունել է նախատեսվող հուշագրի կնքման ու ասոցիացիա կազմելու նախաձեռնությունը, հույս հայտնել, որ փաստաթուղթը շուտով սեղանին կլինի և դետալային քննարկման հնարավորություն կտա բոլորին:

Համագումարի առաջին մասում ելույթ են ունեցել մասնակից բոլոր առաջին տիկիններն ու բարձրաստիճան կին պաշտոնյաները, այդ թվում նաև համագումարի նախաձեռնող կողմը, ի դեմս ԻԻՀ առաջին տիկին Ջամիլե Սադաթ Ալամոլհոդայի: Իրանի առաջին տիկինն իր խոսքում ընդգծել է, որ համագումարի և կանանց նպատակը տղամարդկանց հետ մրցակցելը չէ, այլ գործակցելը: Նրա խոսքով, ի վերջո այդ գործակցության արդյունքում է կայանում «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարը»:

Դոկտոր Ալամոլհոդան նշել է, որ իրենց նպատակը խտրականության դեմ պայքարն է, իսկ գլխավոր ցանկությունը աշխարհում արդարության, խաղաղության, բարեկամության և բարոյականաության հաստատումն է:

Համագումարի առաջին հատվածից հետո վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է նաև Թեհրանի միջազգային ցուցահանդեսների սրահ։ Այս օրերին այնտեղ ներկայացված են բացառապես կանանց ներգրավվածությամբ պատրաստված ապրանքնատեսակներ։ Աննա Հակոբյանը շրջել է տաղավարներով, որտեղ յուրաքանչյուր վաճառող անհատական ներկայացրել է իր արտադրանքը։ Իրանցի կանանց ձեռքբերումների ցուցահանդեսում ներկայացված են գյուղատնտեսական, արդյունաբերական, ձկնաբուծական արտադրանքներ, սնունդ և այլ սարքավորումներ։ Աննա Հակոբյանը շրջայցի ընթացքում պատասխանել է նաև իրանական ԶԼՄ-ների հարցերի և կիսվելի ցուցահանդեսից ստացած տպավորություններով։

Տեսանյութեր

Լրահոս