Լոռու մարզում ոստիկանության աշխատակիցների սպանության փորձ կատարելու համար մեղադրանքներ են ներկայացվել երկու եղբայրների
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում լիարժեք պարզելու Լոռու մարզում երկու անձի կողմից առերևույթ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ սպանության փորձ կատարելու, բռնությամբ նրանց օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, բռնության սպառնալիքով ծառայողական զենքը հափշտակելու, գույքը վնասելու, ապօրինի կերպով թմրամիջոց իրացնելու և շրջանառելու դեպքի հանգամանքները։
Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, քննությամբ փաստեր են ձեռք բերվել առ այն, որ 2023 թվականի հունվարի 18-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցները օպերատիվ տվյալներ են ստացել, որ Վանաձոր քաղաքի բնակիչներ 24 և 22-ամյա եղբայրները, նույն քաղաքի «Դարպասի ճալ» կոչվող տեղանքում իրացնում են թմրամիջոց:
Օպերատիվ տվյալները ստուգելու նպատակով ոստիկանության աշխատակիցները «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով մեկնել են վերը նշված վայր, որտեղ «Օպել» մակնիշի ավտոմեքենայում նկատելով եղբայրներին, մոտեցել են, ներկայացել և հորդորել վերջիններիս իրենց հետ գնալ ոստիկանության բաժին: Եղբայրները, չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, քաշքշել, ձեռքերով հարվածել են նրանց, իսկ եղբայրներից մեկը այդ ընթացքում հափշտակել է ոստիկանության աշխատակցի «Մակարով» տեսակի ատրճանակը:
Դրանից հետո 24-ամյա երիտասարդը, կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ, կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ, սակայն նրանց հաջողվել է խուսանավել, որից հետո երիտասարդը ատրճանակի կոթով ջարդել է հիշյալ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ապակիները:
Այդ ընթացքում դեպքի վայր են ժամանել ոստիկանության այլ աշխատակիցներ ևս: Վերջիններս 22-ամյա երիտասարդին փորձել են նստեցնել իրենց ծառայողական ավտոմեքենան, սակայն մյուս եղբայրը վերոհիշյալ «Օպել» մակնիշի ավտոմեքենան վարելով նրանց ուղղությամբ, բախվել է վերջիններիս ծառայողական ավտոմեքենային և պահանջել բաց թողնել եղբորը, որից հետո դիմել են փախուստի:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում եղբայրները ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին:
Ոստիկանության երկու աշխատակիցներ տուժող են ճանաչվել:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել և վերցվել են պարկուճներ, փամփուշտ, օդաճնշիչ ատրճանակ, արնանման հետքեր, թմրանյութի նմանվող նյութով փաթեթներ, տրանսպորտային միջոցներից վերցվել են կրակոցի արգասիքների նմուշներ:
Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատաքիմիական, համալիր դատաձգաբանական, դատաքիմիական, դատահետքաբանական, փորձաքննություններ: Հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն:
Ձեռք բերված փաստերի հիման վրա երկու եղբայրների նկատմամբ դատախազի կողմից հարուցվել է հանրային քրեական հետապնդում և վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, իսկ նրա 24-ամյա եղբորը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով։
Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: