ՀՀ-ում Իրանի դեսպանը վերահաստատում է՝ Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին վերահաստատում է, որ Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է: Դեսպանն այս մասին ընդգծեց Սյունիքում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Իրանի ԱԳ նախարարի ավելի վաղ արած հայտարարությունն առ այն, որ Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը:
Դեսպանը նախ ընդգծեց, որ Իրանն իր բոլոր հարևան երկրների հետ այնպիսի քաղաքականություն է վարում, որի նպատակն է զարգացնել համագործակցությունը բոլոր ուղղություններով: «Իսկ Հայաստանը մեր հարևան, բարեկամ երկիրն է: Եվ Հայաստանի նկատմամբ էլ նույնպես այդ քաղաքականությունը կա: ԱԳ նախարարն էլ նշել է, որ Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է: Եվ Իրանի դիրքորոշումը միշտ այնպես է եղել, որ պետք է հարգվի երկրների անկախությունը, տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Հայաստանինն ու բոլորինը՝ միջազգային օրենքների համապատասխան»,-ասաց Աբբաս Բադախշան Զոհուրին:
Նա նշեց, որ Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունն ու բոլոր ուղղություններով կապերը զարգանում են: