Վրաստանի ԱԳ նախարարը ՀՀ կառավարությանն ու ժողովրդին ցավակցություն է հայտնել 15 զինծառայողի զոհվելու կապակցությամբ
Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին ցավակցություն է հայտնել Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ հրդեհի հետևանքով 15 զինծառայողի զոհվելու կապակցությամբ:
Վրաստանի ԱԳ նախարարը ցավալի դեպքի առիթով գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին, ինչպես նաև սարսափելի հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ընտանիքներին։ Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,-գրել է Դարչիաշվիլին:
2023 թվականի hունվարի 19-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 01։30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով նույն վաշտի 15 զինծառայող մահացել է, երեք զինծառայող ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Նախնական տվյալներով հրդեհը բռնկվել է վառարանը ավտոբենզինով վառելու պատճառով։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։