Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների խորացմանը. ՀՀ փոխվարչապետն ընդունել է ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարին
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Չիպ Լեյթինենի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես հայտնում են փոխվարչապետի գրասենյակից, Տիգրան Խաչատրյանն իր խոսքում շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունը մեծ նշանակություն է տալիս Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների հետագա խորացմանը եւ զարգացմանը: Փոխվարչապետը ներկայացրել է Կառավարության ծրագրի առաջնայնությունները եւ բարձր գնահատել նախանշված բարեփոխումների իրականացման գործում ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությունը:
Չիպ Լեյթինենը շնորհավորել է փոխվարչապետին պաշտոնի ստանձման կապակցությամբ եւ վերահաստատել ամերիկյան կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու ցուցաբերել աջակցություն՝ ինչպես կարճաժամկետ ծրագրերի, այնպես էլ երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբ:
«Միացյալ Նահանգները սատարում է Հայաստանի կառավարությանն իրականացրած ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումների, ինչպես նաեւ՝ հակակոռուպցիոն օրակարգի վարման հարցերում»,- իր խոսքում նշել է հավատարմատարը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայր ստեղծելու հնարավորությունների եւ հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հեռանկարի շուրջ: