Պերուի նախագահը հայտարարել է, որ երկրում իրադրությունը գտնվում է կառավարության վերահսկողության ներքո
Իշխանությունները Պերուում վերահսկում են իրավիճակը՝ չնայած շարունակվող հակակառավարական ցույցերին, հունվարի 19-ի երեկոյան ժողովրդին հղած ուղերձում ասել է Պերուի նախագահ Դինա Բոլուարտեն։
«Կառավարությունը Պերուի ժողովրդին ասում է՝ իրադրությունը գտնվում Է վերահսկողության ներքո», – նշել է նախագահը։ Նա ընդգծել է, որ իշխանությունները բացահայտում են բռնություն հրահրողներին և նրանց նկատմամբ կգործեն օրենքի ամբողջ խստությամբ։ Բոլուարտեն նաև երկխոսության կոչ է արել ակցիաների կազմակերպիչներին՝ երկրի «խաղաղությունը, միասնությունը, հանգստությունն ու զարգացումն ապահովելու համար»։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ հունվարի 19-ին ցուցարարների և իրավապահների միջև տեղի ունեցած բախումների ընթացքում մահացել է 1 մարդ, վիրավորվել՝ 16-ը, բացի դրանից, տուժել է ոստիկանության 22 աշխատակից: Հունվարի 19-ի երեկոյան Պերուի իշխանությունները 30 օրով արտակարգ դրության ռեժիմ են սահմանել Ամազոնասի, Լիբերտադի և Տակնայի դեպարտամենտներում։
Անցյալ շաբաթվա վերջին նույն միջոցն Է ձեռնարկվել Պունոյի, Կուսկոյի և Լիմայի դեպարտամենտներում, ինչպես նաև Ապուրիմակի, Մադրե դե Դիոսի և Մոկեգուայի դեպարտամենտների մի քանի նահանգներում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Պերուում հակակառավարական ցույցերի ընթացքում բախումների զոհերի թիվը հասել է 53-ի: Հունվարի 18-ին ցուցարարները Մակուսանի քաղաքում հրկիզել էին ոստիկանական բաժանմունքն ու դատարանի շենքը:
Ոստիկանները ստիպված են եղել ուղղաթիռով փախչել բաժանմունքից: 2022 թ. դեկտեմբերի 7-ին նախագահ Պեդրո Կաստիլիոյին իշխանությունից հեռացնելուց հետո Պերուում սկսվեցին լայնամասշտաբ հակակառավարական ցույցեր։ Դրանք ուղեկցվում են ճանապարհների արգելափակմամբ, օդանավակայանների և իշխանության մարմինների շենքերի վրա հարձակումներով։ Ցուցարարները պահանջում են պետության ղեկավար Դինա Բոլուարտեի հրաժարականը և նոր ընտրությունների անցկացում։
Նրանք նաև պահանջում են ցրել Կոնգրեսը: Պերուի դատախազության տվյալներով՝ անկարգություններին մասնակցելու համար կալանավորվել է ավելի քան 300 մարդ։ Գերատեսչությունը նաև հայտնել է 530-ից ավելի տուժածի մասին, որոնցից 176-ը ոստիկաններ են: