Չենք կարող դիտորդի դերում մնալ. իտալացի պատգամավորներն անդրադարձել են Արցախի շրջափակմանն ու ողջունել են Եվրոպական խորհրդարանի բանաձևը
Իտալիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին և Եվրոպական խորհրդարանում ընդունված համատեղ բանաձևին՝ նշելով, որ Եվրոպան և Իտալիան չեն կարող երես թեքել այն ամենից, ինչ կատարվում է:
Իտալիայի խորհրդարանում «Ժողովրդավարական» կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Անդրեա Կազուն «Թվիթեր»-ի իր էջում նշել է, որ Եվրախորհրդարանը հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետեւանքների վերաբերյալ համատեղ բանաձեւին: «Պարտավորություն, որ կտանենք նաև Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով։ Իտալիան և Եվրոպան չեն կարող երես թեքել այն ամենից, ինչ կատարվում է»։
Պատգամավորները շեշտում են՝ ժամանակն է գործել՝ փրկելու շրջափակման մեջ հայտնված 120 հազար մարդկանց:
Եվրոպական խորհրդարանի բանաձևին անդրադարձել է նաև Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ Ջուլիո Չենտեմերոն. «Եվրոպական խորհրդարանը հավանություն է տվել համատեղ ներկայացված բանաձեւին՝ ի պաշտպանություն Լաչինի միջանցքի շրջափակման հետեւանքով փաստացի պատանդ վերցված Լեռնային Ղարաբաղի բնակչության։ Ժամանակն է գործել՝ փրկելու 120,000 մարդու, այդ թվում՝ 30,000 երեխաների կյանքը»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Չենտեմերոն:
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելուն անդրադարձել է նաև Իտալիայի Պատգամավորների պալատի պատգամավոր Էմանուելե Պոցցոլոն: Նա նշել է, որ Արևմուտքը չի կարող դիտորդի դերում մնալ: «Արևմուտքը չի կարող շարունակել լուռ հետևել. առկա է սննդի, դեղորայքի, վառելիքի պակաս։ Բնակչությունը՝ ներառյալ 30,000 երեխա և 20,000 տարեց, գտնվում է հսկայական հումանիտար ճգնաժամի շեմին»,- ասել է նա։