Մեկ ամիս է՝ Ադրբեջանից Հայաստանի ներկայացրած առաջարկների վերաբերյալ արձագանք չունենք. Արարատ Միրզոյան

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ Լաչինի միջանցքի ապօրինի փակումից հետո հրաժարվել են մասնակցել Ռուսաստանում եռակողմ հանդիպմանը, որն ըստ նրա՝ պետք է շարունակեր խաղաղության պայմանագրի նախագծի քննարկումները:

«Մենք մեր խմբագրական առաջարկներն ենք ներկայացրել ադրբեջանական կողմին և սպասում ենք նրանց արձագանքին: Որպես կանոն, այդպես է ընթացել մինչ այժմ գործընթացը: Փոխադարձ առաջարկներ են ներկայացվում, և ահա մենք մեր հերթական առաջարկները և դրանց կից հիմնավորումներն ուղարկել ենք ադրբեջանական կողմին, և մեկ ամիս է՝ որևէ արձագանք չունենք: Թյուր են այն պատկերացումները, թե հայկական կողմը դադարեցրել է, կամ արգելակում է, կամ ոչ կառուցողական է խաղաղության այս գործընթացում, և մասնավորապես՝ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ գործընթացում: Մենք մեր առաջարկներն ուղարկել ենք, և ահա, ադրբեջանական կողմի պատասխանը պետք է լինի, որը մինչ այս պահը չկա: Ստացվում է, որ անկախ հանդիպումների հանգամանքից, գոնե մինչ այս պահն ադրբեջանական կողմն է դադարեցրել բուն խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումները, և զուգահեռաբար տեսնում ենք սադրիչ գործողությունները Լաչինի միջանցքում և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խախտումները՝ Ադրբեջանի կողմից»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Նա անդրադարձավ նաև ԵՄ դիտորդական առաքելությանը՝ նշելով, որ այն կարևոր գործառույթ է կատարել Հայաստան-Ադրբեջան միջազգային սահմանին լարվածության աճի կամ հետագա էսկալացիայի կանխման գործում. «Ավելորդ է նույնիսկ նշել, որ մենք նոր լիարժեք դիտորդական առաքելության սահմանման պարագայում միայն աջակցող և կառուցողական դերակատում կունենանք: Անշուշտ, մենք դրական կվերաբերվենք, եթե նման որոշում ընդունվի ԵՄ կողմից, և տեղում լայն համագործակցություն կհաստատենք նրանց հետ»:

Տեսանյութեր

Լրահոս