FAON-ը խնդրագիր է ներկայացրել Նիդերլանդների խորհրդարանին՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար անհրաժեշտ հրատապ քայլերի մասին
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) եռօրյա լուռ բողոքի ակցիա է սկսել Նիդերլանդների խորհրդարանի դիմաց` քաղաքական և հասարակական ուժերի ուշադրությունը հրավիրելու Արցախում խորացող հումանիտար ճգնաժամի վրա, որն առաջացել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի անողոք ռեժիմի կողմից իրականացված Արցախի ամբողջական շրջափակման հետևանքով։ Այս մասին հայտնեցին Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայից:
Լուռ բողոքի ակցիայի ընթացքում Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON-ի) ներկայացուցիչներին ընդունել է Նիդերլանդների խորհրդարանի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռյուդմեր Հերման, հանձնաժողովի մեծ թվով անդամների ներկայությամբ։ FAON-ը հանձնաժողովի նախագահին է հանձնել 10 կետից բաղկացած խնդրագիր, որտեղ նշված են հրատապ քայլերը, որոնք անհրաժեշտ են Արցախում խորացող հումանիտար ճգնաժամը մեղմելու և Լեռնային Ղարաբաղի 120,000 հայերին արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն ապաշրջափակելու համար։
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON-ի) պատվիրակությունը խնդրագրի բովանդակությունը ներկայացրել է պատգամավորներին, այդ թվում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռյուդմեր Հերմային (VVD կուսակցություն), Գեյս վան դեր Ստային (SGP կուսակցություն), Յասպեր վան Դեյկին (SP կուսակցություն), Ռայմոնդ դե Ռոնին (PVV կուսակցություն), Ագնես Մյուլդերին (CDA կուսակցություն), Շյուրդ Շյուրդսմային (D66 կուսակցություն), Լամերտ վան Ռանին (PvdA կուսակցություն), Դերկ Յան Էպինկին (JA21 կուսակցություն), Կարոլայն վան դեր Պլասին (BBB կուսակցություն), Քեթի Պիրիին (PvdA կուսակցություն), Դոն Սեդերին (CU կուսակցություն), Ռուբեն Բրեկելմանսին – (VVD կուսակցություն), Պիտեր Օմտզիգտին (Omtzigt խմբակցություն) և Թոմ վան դեր Լեյին (GL կուսակցություն)։
Պատվիրակությունը հատկապես ընդգծել է, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Արցախում տիրող մարդասիրական սարսափելի իրավիճակին և գտնել հնարավորություններ վերացնելու Արցախի բնիկ հայ ազգաբնակչության դեմ ուղղված Ադրբեջանի սպառնացող գործողությունները, որոնք միտված են իրագործել էթնիկ զտումներ, ինչպես խոստովանել է ադրբեջանցի բռնապետը:
«Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON-ը) շնորհակալ է հանդիպմանը ներկա գտնված պատգամավորներին և անհամբեր սպասում է առաջիկա հունվարի 19-ին խորհրդարանում կայանալիք բանավեճին, որտեղ կքննարկվեն հրատապ գործողությունների թեման, որոնք հարկավոր են Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար, հաշվի առնելով, որ հաջորդ շաբաթ կայանալու է ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որի օրակարգում ներառված է նաև այս հարցը»,- ասված է հաղորդագրության մեջ: