Ադրբեջանը էմոցիոնալ և հոգեբանական բռնության է ենթարկել 19 հայ երեխաների. Թագուհի Թովմասյանը միջազգային իրավասու մարմիններին նամակներ կուղարկի
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հրատապ նամակներ է պատրաստում միջազգային իրավասու մարմիններին՝ ադրբեջանցի «էկոակտիվիստների» կողմից 19 հայ երեխաների նկատմամբ էմոցիոնալ և հոգեբանական բռնություն գործադրելու փաստով: Այս մասին պատգամավորը տեղեկացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած հաղորդագրության միջոցով:
«Ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ էթնիկ ատելությունը սահմաններ չի ճանաչում․ թիրախավորել են նույնիսկ անչափահաս երեխաներին, ովքեր խաղաղապահների ուղեկցությամբ ավելի քան մեկ ամիս անց վերադառնում էին Արցախ՝ ծնողների մոտ։
Սակայն Շուշի-Քարին տակ հատվածում՝ ճանապարհի շրջափակված մասում, որտեղ տեղակայված են «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները, մեքենան կանգնեցվել է ադրբեջանցիների կողմից։ Քաղաքացիական հագուստով, դեմքերը փակած 10-15 ադրբեջանցիներ ներխուժել են երեխաների ավտոբուս, երեխաներին ենթարկել հոգեբանական բռնության։
Ադրբեջանցիների հանցավոր գործողությունները այսքանով չեն սահմանափակվել․ ավտոբուսի ընթացքը շարունակելուց հետո ադրբեջանցիները նաև ցուցադրաբար սպառնալիքներ են հնչեցրել հայ երեխաների հասցեին։
Այս սանձարձակ պահվածքով Ադրբեջանի կառավարության գործակալները խախտել են Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի անկյունաքարային դրույթները, որը պետք է դառնա միջազգային իրավասու մարմինների հրատապ քննության ու Ադրբեջանի նկատմամբ կոնկրետ պատժիչ գործողությունների առարկա։
Ադրբեջանն այս հանցավոր գործողությամբ ևս մեկ քայլ կատարեց էթնիկ հայերի ցեղասպանության քաղաքականության կյանքի կոչման ուղղությամբ։ Քաղաքակիրթ աշխարհի լռության պայմաններում մարդկության դեմ Ադրբեջանի հանցագործությունները կրելու են շարունակական բնույթ»,- նշված է գրառման մեջ: