
Պետք է անել ամեն ինչ, որ աշխարհում համերաշխություն լինի. Հայաստան- Մեքսիկա բարեկամական խմբի անդամները ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին

Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Բերենիսե Խուարես Նավառետեի գլխավորած պատվիրակությունը Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի անդամ Գուրգեն Արսենյանի ուղեկցությամբ հունվարի 17-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին եւ գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
«Այս ամենը տեսնելուց հետո կարող եմ ասել, որ ՄԱԿ-ում եւ այլ ատյաններում մենք շարունակելու ենք խոսել խաղաղության մասին: Պետք է անել ամեն ինչ, որպեսզի համերաշխություն լինի ամբողջ աշխարհում»,- ասել է Բերենիսե Խուարես Նավառետեն: