
Ֆրանսիան կոչ է արել անհապաղ և անվերապահորեն վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը

ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում, որը հրավիրվել է Հայաստանի նախաձեռնությամբ, Ֆրանսիան կրկնել է իր կոչը՝ անհապաղ և անվերապահորեն վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ հարգելով տեղի բնակչության իրավունքները: Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության մամուլի ծառայության հաղորդագրությունից:
«Ֆրանսիան վերահաստատել է իր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում առաջընթացի որոնմանը՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու նպատակով, նաև պատրաստակամությունը՝ նպաստելու այդ նպատակի իրագործմանը՝ բոլոր գործընկերների և շահագրգիռ կողմերի հետ համագործակցելով», – նշված է ԵԱՀԿ Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության մամուլի ծառայության Twitter-ի պաշտոնական էջում:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Վիեննայում է, որտեղ մասնակցում է Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին։