
Skyball-ը մի քանի օդապարիկներով թռիչք կիրականացնի Արագած լեռան վրայով

Skyball-ը հունվարի 18-ին կիրականացնի Արագած լեռան վրայով ևս մեկ երկար սպասված թռիչք՝ մի քանի օդապարիկներով:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Skayball» ընկերության տնօրեն Նաիրի Բարսեղյանն՝ ընդգծելով, որ տարբեր երկրներից ժամանած 7 օդաչու կմասնակցի թռիչքին:
«Շատերը կհիշեն, որ անցած ձմռանը ես և իմ ընկեր Սերգեյ Բաժենովը իրականացրինք Գյումրի-Երևան թռիչք՝ Արագած լեռան գագաթների վրայով։ Միանշանակ կարող եմ ասել, որ մինչ օրս ունեցած հազարավոր թռիչքներից ամենատպավորիչը և հիշարժանը հենց այդ թռիչքն էր։ Ցանկանալով կիսել այս հրաշք տեսարանները մեր ընկերների հետ՝ որոշել ենք հունվարի 17-23-ը խաղարկել «Արագածի գավաթ 2023»»,- ասաց «Skayball» ընկերության տնօրեն Նաիրի Բարսեղյանը։
Նա ընդգծեց, որ նախատեսվում է Արագածի գագաթների վրայով միաժամանակ մի քանի օդապարիկների թռիչք, և այն թիմը, որը կկարողանա անցնել գագաթների վրայով, կպարգևատրվի «Արագածի գավաթ 2023»-ով։
Նաիրին ասաց, որ երթուղին իրականացվելու է Գյումրիից Գառնի, իսկ թռիչքի ընդհանուր տևողությունը լինելու է 4-5 ժամ՝ մինչև 6000 մետր բարձրության վրա։