Կալիֆորնիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 20-ի
Կալիֆորնիայում ջրհեղեղի և փոթորկի զոհերի թիվը հասել է 20-ի: Այդ մասին տեղեկանում ենք Reuters գործակալությունից։
Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի խոսքով՝ դեկտեմբերի 26-ից ի վեր նահանգում տեղացած տեղատարափ անձրևների հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, տասնյակ հազարավոր մարդիկ դեռ տարհանված են։
Ըստ օդերևութաբանների՝ հորդ անձրևներից վերջինն աստիճանաբար մեղմանում է: Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունվարի 19-ին կայցելի նահանգ՝ հանդիպելու փրկարարների հետ և «գնահատելու, թե ինչ լրացուցիչ դաշնային աջակցություն է անհրաժեշտ»։
Հունվարի 15-ին Սպիտակ տունը հայտարարել էր փոթորիկների, ջրհեղեղների և սողանքների հետևանքով տուժած շրջաններին դաշնային օգնություն հատկացնելու մասին։ Նշվում է, որ դաշնային ֆինանսավորումը հասանելի է Սանտա Կրուզի, Մերսեդի և Սակրամենտոյի շրջաններում տարերքից տուժածների համար:
Հունվարի 8-ին Բայդենը փոթորկի պատճառով Կալիֆորնիայի նահանգում արտակարգ դրության ռեժիմ էր սահմանել։ Լայնածավալ հեղեղման պատճառով ԱՄՆ-ի Մոնտեսիտո քաղաքի բնակիչներին տարհանման հրահանգ է տրվել: