Երբեք ուշ չէ պատվաստվել. մասնագետի հորդորները՝ «խոզի գրիպի» տարածումն ու բարդությունները կանխելու համար
Հայաստանում վերջին շրջանում ակտիվացել է գրիպի A տեսակի H1N1 շտամը, որը հայտնի է խոզի գրիպ անվամբ. այն սկզբում դրսևորվում է բարձր ջերմությամբ (39 – 40*C), որը դժվարությամբ է կարգավորվում ջերմիջեցնողներով: Բարդություններից խուսափելու համար մասնագետը հորդորում է պատվաստվել գրիպի դեմ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Էրեբունի բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ ականջաբան Էլյա Մուրադյան նշեց, որ այս շրջանում ակտիվ է գրիպի A տեսակի H1N1 շտամը, որը հայտնի է խոզի գրիպ անվամբ՝ ընդգծելով, որ այն, այնուամենայնիվ, որոշ առումներով տարբերվում է 2009-2010թթ.-ի վիրուսից:
«H1N1 շտամի պարագայում սուր սկիզբը դրսևորվում է բարձր ջերմությամբ (39 – 40*C), որը դժվարությամբ է կարգավորվում ջերմիջեցնողներով, կարող է ջերմությունը կարգավորվել, բայց մի քանի օր հետո նորից բարձրանալ: Ինտոքսիկացիայի նշաններ (հատկապես երեխաների մոտ) կարող են լինել քնկոտությունը, մկանացավերը, ախորժակի կորուստը, թուլությունը, երբեմն կարող է լինել սրտխառնոց, փսխում, փորլուծություն: Կարող է լինել նաև գլխացավ և ցավ աչքերում»,- ասաց Էլյա Մուրադյանը:
Ըստ մասնագետի՝ սկզբում կատառալ երևույթները վառ չեն արտահայտվում, կոկորդի ցավը, քթահոսությունը, դժվարաշնչությունը ի հայտ են գալիս մեկ-երկու օր հետո, որոնց կարող է միանալ նաև ձայնի խռպոտությունը, ականջացավը, հազը:
Բժիշկ Մուրադյանը վիրուսների արագ տարածվելուց և բարդացումներից խուսափելու համար խորհուրդ տվեց ինքնաբուժությամբ չզբաղվել և մնալ տանը՝ մինչև լիովին ապաքինվելը: Բժիշկը նշում է՝ առանց բժշկի հետ խորհրդակցելու պետք չէ ընդունել հակաբիոտիկներ՝ հարևանի կամ դեղատան աշխատողի առաջարկով, քանի որ վիրուսային վարակի դեպքում դրանք անիմաստ են:
Մասնագետի խոսքով՝ բարդություններից՝ թոքաբորբ, մենինգիտ (մենինգոէնցեֆալիտ), միոկարդիտ (սրտամկանի ախտահարում) խուսափելու համար անհրաժեշտ է դիմել բժշկի, որպեսզի նախ որոշվի հակավիրուսային թերապիայի հարցը: Որպես գրիպի պրոֆիլակտիկա՝ խորհուրդ է տրվում պատվաստվել: Պատվաստվելու համար երբեք ուշ չէ, քանի որ ադեկվատ իմունիտետ զարգանում է արդեն 3 շաբաթ հետո»,- ասաց նա:
Մասնագետը ընդգծեց, որ վակցինան պաշտպանում է գրիպի մի քանի շտամներից, այդ թվում՝ H1N1-ից:
Գայանե Գաբոյան