Ստեփանակերտում մեկնաբանել են Արցախի ԱԺ նախագահի հայտարարությունը խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրությունների վերաբերյալ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի կարծիքով Արցախում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների մասին խոսակցությունները չբացառելու վերաբերյալ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի տեսակետները բխում են սահմանադրական և ըստ այդմ նաև կառավարման համակարգի փոփոխությունների վերաբերյալ քննարկումների գործընթացից, որը մեկնարկել էր դեռ անցած տարվանից:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արթուր Հարությունյանը ընդգծեց, որ դեռևս չկա Սահմանադրության փոփոխության որևէ նախագիծ կամ հստակեցում դրա վերաբերյալ:

«Կան ընդամենը աշխատանքային քննարկումներ: Դրանք ավարտելուն պես, իհարկե, անհրաժեշտություն առաջանալու դեպքում նաև ընտրությունների վերաբերյալ քննարկումներ են տեղի ունենալու: Եթե սահմանադրական այդ փոփոխությունները տեղի ունենան, ապա պետք է լինելու նոր ընտրություններ կազմակերպել, որը բխելու է նոր կառավարման համակարգից»,մանրամասնեց Արթուր Հարությունյանը:

Անդրադառնալով արտահերթ ընտրությունների և կառավարման նոր համակարգի անցնելու դեպքում ճգնաժամային իրավիճակի հաղթահարման հնարավորություններին՝ խմբակցության ղեկավարը համոզմունք հայտնեց, որ կառավարման կիսանախագահական համակարգը այսօրվա իրավիճակում ավելի արդյունավետ է, քան նախագահական համակարգը գործող Սահմանադրությամբ:

«Ճգնաժամի ընթացքում արդյունավետ կառավարման մասին խոսելիս՝ առաջնայինը ոչ թե ընտրություններն են, այլ Սահմանադրության փոփոխությունները, որոնք բերելու են ճգնաժամային ավելի արդյունավետ կառավարման: Այնուհետև, ինչպես նշեցի, եթե դա տեղի ունենա, ապա կարող է անհրաժեշտություն առաջանալ քննարկելու՝ պետք է ընտրություններ անցկացնել թե, ոչ»,- շեշտեց Արթուր Հարությունյանը՝ հաստատելով, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քննարկումները շարունակվում են, և վերջնական որոշում կայացնելու դեպքում կհաջորդի համապատասխան գործընթացը:

Վան Նովիկով

Տեսանյութեր

Լրահոս